Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել

ԱԱնժելիկա Ժամհարյան

Սամարղանդում Աֆղանստանի հարևան երկրների չորրորդ նախարարական համաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների երկրորդ ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Կողմերը պայմանավորվել են շարունակել Աֆղանստանին վերաբերող հարցերում տարածաշրջանային միասնական մոտեցման ձևավորումը, ինչպես նաև փոխգործակցությունը Աֆղանստանի ներկայիս կառավարության հետ, այդ թվում՝ ներքաղաքական կայունության պահպանման և այս երկրում հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։

Մասնակիցները համաձայնել են, որ Աֆղանստանում տիրող աղետալի վիճակի հիմնական պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները՝ Աֆղանստանում իրենց 20-ամյա ներկայության ձախողման պատճառով։ Կողմերը նշել են Աֆղանստանում և հարակից տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման անընդունելիությունը։ Համաժողովից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր չինացի գործընկեր Ցին Գանգի հետ։ Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում նախարարներն ընդգծել են հաճախակի հանդիպումների կարևորությունը։

ՍԻՐԻԱՆ ԿՎԵՐԱԲԱՑԻ ԻՐ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՆԻՍՈՒՄ

Սիրիան, ի պատասխան Դամասկոսում դեսպան նշանակելու Թունիսի որոշման, որոշել է վերաբացել իր դիվանագիտական ներկայացուցչությունն այդ երկրում և դեսպան նշանակել՝ նշված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև շարունակվում են խորհրդակցությունները երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար: Թունիսը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր մոտ 10 տարի առաջ՝ զինված հակամարտության սկսվելուց անմիջապես հետո: 2023 թ. փետրվարին Թունիսի նախագահը հայտարարել էր Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը բարձրացնելու և դեսպան նշանակելու որոշման մասին:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Պենտագոնը սահմանափակել է համացանց արտահոսած գերատեսչության փաստաթղթերի և գաղտնի տեղեկատվության հասանելիությունը՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը և դաշնակիցներին պաշտպանելու համար` հայտարարել է է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը և ասել, որ դեռ պատրաստ չէ խոսել այն մասին, թե ինչպես և ինչու է կազմակերպվել արտահոսքը։ Արդարադատության նախարարությունը դեպքի առթիվ քրեական հետաքննություն է իրականացնում։ Պենտագոնը նույնպես հետաքննում է սոցցանցում հայտնված գաղտնի նյութերի արտահոսքի հանգամանքները:

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՊԱՏՎԻՐԵԼ Է 250 ՆՈՐԱԳՈՒՅՆ «ԱԲՐԱՄՍ» ՄԱՐՏԱԿԱՆ ՏԱՆԿ

Լեհաստանը նպատակ ունի բացել Եվրոպայում ամերիկյան արտադրության «Աբրամս» տանկերի սպասարկման կենտրոն` ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին: Լեհաստանը պատվիրել է 250 նորագույն «Աբրամս» մարտական տանկ: Լեհաստանի վարչապետի խոսքով առաջին 14 տանկերը Լեհաստան կժամանեն մինչև հունիս և կփոխարինեն հետխորհրդային զինտեխնիկան, որը նվիրաբերվել էր Ուկրաինային՝ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարելու հարցում:

Լեհաստանը նաև պատվիրել է F-35 կործանիչներ և սկսել է օդաչուների ուսուցման գործընթացը: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն էլ, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, որ ձգտելու են Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայության հասնել: Ներկայում Լեհաստանում ռոտացիոն հիմունքներով տեղակայվել է շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։ Վերջերս հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը խոստացել է լրացուցիչ ևս մի քանի հազար զինծառայող տեղակայել Լեհաստանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում