Հայաստանում մեկնարկում են «Ֆրանկոֆոնիայի օրերը»

ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի զարգացմանն ու տարածմանը միտված «Ֆրանկոֆոնիայի օրեր-2023» ամենամյա միջոցառման պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի 18-ին: Երկամսյա փառատոնը հայ հանրությանը առաջարկում է ավելի քան 20 միջոցառում Երևանում և տարբեր մարզերում: Ֆրանսիայի դեսպանը նշում է՝ ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ:

Անն Լույո (Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթի տարբեր արժեքներին: Ամբողջ աշխարհում ֆրանկոֆոնիայի տոնը միավորում է մոտ 528 միջոցառում, որոնցից շատերը տեղի են ունենալու նաև Հայաստանում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը համախմբում են շուրջ 320 մլն ֆրանսախոսների և հնարավորություն են ընձեռում տոնելու համերաշխությունը՝ ընդգծեց ԿԳՄՍ նախարարը՝ նկատելով, որ միջոցառումները նոր համագործակցությունների և նախաձեռնությունների հիմք են: Անդրեասյանը տեղեկացրեց՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ֆրանկոֆոնիայի խաղերը 2027-ին Հայաստանում կազմակերպել:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Հայաստանում մեծ կարևորություն են տալիս ֆրանկոֆոնիայի օրերին, և մենք ամեն տարի ավելի ու ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Այս տարի էլ թե՛ կրթական, թե՛ մշակութային հաստատությունները շատ ակտիվ են եղել:

Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականը տեղեկացրեց՝ սպասվող միջոցառման ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ:

Գիյոմ Նարժոլե (Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն) - Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը կանցկացվի մարտի 18-26-ը: Ունենք Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգների ցանկ մարտի 17-ից ապրիլի 20-ը: Ապրիլի 14-ից կանցկացվի տեսողական արվեստի ցուցահանդես: Երկլեզու դրամատիկական արվեստանոցն էլ հնարավորություն կտա հայ պրոֆեսիոնալ կամ սիրողական դերասաններին՝ ֆրանսիացի մասնագետների օգնությամբ զարգացնել հմտությունները:

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար, Շվեցարիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին 2018-ից 2022-ին ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության փայլուն նախագահության համար, նշելով, որ այն յուրահատուկ հարթակ է, որը զարգացնում է անդամ երկրների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը:

Լուկաս Ռոզենկրանց (Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ) - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում, որոնք աջակցում են գրողներին, կինոգործիչներին, երաժիշտներին և ֆրանկոֆոն արվեստագետներին: Ֆրակոֆոնիայի առաջնահերթություններն են խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանումը և մամուլի ազատությունը:

Դեսպանն ու ԿԳՄՍ նախարարն էլ կարևորեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանի, լիցեյի և նորաստեղծ ֆրանսիական ինստիտուտի գործունեությունը:

Անն Լույո - Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կունենա կրթական բաղադրիչ, որտեղ կդասավանդվի ֆրանսերեն բոլորին՝ անկախ տարիքից և որտեղ կկարողանան միջազգային վկայագրերի համար ֆրանսերենի քննություններ հանձնել: Ինստիտուտը կլինի ֆրանսերենի մի մեծ օջախ, որտեղ տեղի կունենան բազմազան մշակութային միջոցառումներ: Կլինի Կոմպուս Ֆրանս տարածք, որը կոչված է ուղղորդելու հայ ուսանողներին իրենց ուսումը Ֆրանսիայում շարունակելու գրոծում: Այն նաև կհամագործակցի Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպություների հետ:

Վերադառնալով ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումներին՝ Ժաննա Անդրեասյանը առանձնացրեց Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 20-ին սպասվող մեծ համերգը:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում