Դռներն է բացել Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրիում դասական երաժշտություն ունկնդրելու հասցեն այսօրվանից փոխվում է։ Պաշտոնապես իր դռները բացեց Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը։

Մշակութային Գյումրին մինչև այսօր չուներ կամերային դահլիճ։ Քաղաքի ամենահին երաժշտական դպրոցներից մեկի` 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը ամբողջովին նորոգվել ու վերապրոֆիլավորվել է կամերայինի։ Գումարը հատկացվել է քաղաքային բյուջեից, աշխատանքներն իրականացվել են երեք փուլով։

Վարդգես Սամսոնյան (Գյումրիի քաղաքապետ) - Առաջին փուլում 20 մլն դրամ հատկացվեց այս գեղեցիկ դահլիճի համար։ Երկրորդ փուլի հետ կապված հատկացվեց 5 միլիոն դրամ ջեռուցման համար, դրանից հետո` նախամուտքի վերանորոգման համար, վերջին նիստով հատկացվեց 8 մլն դրամ, ամբողջը 33 մլն դրամ արժողության է։

Նախկինում, օրինակ՝ թատերական դահլիճն էր հարմարեցվում երաժշտական կատարումների համար։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն վստահ է, որ Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը դառնալու է երաժշտական նոր հանդիպումների վայր:

Լիլիթ Թովմասյան (Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու) - Այստեղ ելույթ են ունենալու հայ և համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, ովքեր մինչ այս պահը հրաժարվում էին ելույթ ունենալ Գյումրիում՝ անհրաժեշտ դահլիճի բացակայության պատճառով։ Գիտեմ նաև, որ միջավայրը արդյունք է ծնում, և Գյումրիի պատանեկան նվագախմբերը, սկսելով իրենց ճանապարհը այս դահլիճից, անշուշտ նոր նշաձող են սահմանելու՝ նախ իրենց, հետո՝ մշակութային քաղաքի համար։

Երվանդ Վարոսյան (Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր) - Շնորհավորում եմ բոլորիս, Գյումրիում ստեղծվեց ևս մեկ հարթակ դասական երաժշտության համար։ Կփորձենք ինչքան հնարավոր է պրոպագանդել դասականը գյումրեցի ունկնդրին։

Գյումրիի կամերային դահլիճը կսպասարկի նաև քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին ու բարձրագույն մասնագիտական կրթության օղակների համերգները, կընդունի հայ և արտասահմանյան հայտնի երաժիշտների: Քաղաքում հույս ունեն, որ դահլիճը կդառնա նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում