Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի առևտրային բանկերը նախորդ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կտրուկ ավելացրել են իրենց ակտիվները օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում: Հայաստանյան «Մոդեքս» խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ շահույթի և ավանդների մեծ ներհոսքի պատճառով բանկերն իրենց հավելյալ միջոցները ներդրել են օտարերկրյա կազմակերպություններում, և եթե 2021-ի տարեվերջին բանկերի օտարերկրյա ներդրումները շուրջ 963 մլն դոլարի էր հասնում, ապա 2022-ի երրորդ եռամսյակի ավարտին այդ թիվը դարձել է 2 մլրդ 577 մլն դոլար:

Հայկազ Ֆանյան («Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն) - Առևտրային բանկերի շահույթը, խոսքը 17 առևտրային բանկերի մասին է, շուրջ 260-270 մլրդ դրամ է կազմել, որը բավականին աննախադեպ ցուցանիշ էր հանդիսանում մեր բանկային համակարգի համար, և առաջատար բանկեր մենք ունենք. առաջինը՝ «Արդշինբանկը», հետո՝ «Ամերիաբանկը», որոնք որ բավականին լուրջ շահույթ են արձանագրել:

Նախորդ տարեվերջի տվյալով՝ հայաստանյան բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 209 մլրդ դրամ, իսկ ավանդներինը՝ 5 տրլն 122 մլրդ դրամ:

Թե որ երկրներում են միջոցները ներդրվել կամ որ կազմակերպություններում և ինչ տոկոսադրույքով, ըստ Ֆանյանի, տեսանելի չէ Կենտրոնական բանկի հրապարակումներում: Հայաստանում արված ներդրումների ծավալը նույնպես հայտնի չէ, բայց համադրելով բանկերի տրամադրած վարկերի և ավանդների տարբերությունն ու օտարերկրյա կազմակերպություններում արած նրանց ներդրումները, կարելի է ենթադրել, որ երկրում մնացած փողն անհամեմատ քիչ է դրսում ներդրվածից: Ընդ որում՝ Հայաստանում մնացած գումարի հիմնական մասը ծախսվել է պետական պարտատոմսերի ձեռքբերման վրա, այսինքն՝ ներդրումը չի արվել տնտեսության իրական հատվածում:

Հայկազ Ֆանյան - Քանի որ բանկերը ստանձնում են ցպահանջ պարտավորություններ իրենց ավանդատուների նկատմամբ կամ ուղղակի հաշիվներում առկա հենց ցպահանջ միջոցները, հետևաբար իրենք նաև պետք ա բարձր իրացվելի ակտիվներ ունենան դրամական միջոցների, ավանդների տեսքով, որ առաջին իսկ պահանջի դեպքում կարողանան իրենց հաճախորդների էդ պահանջները բավարարել դրամական: Բայց պարզ ա, որ մի մասը ամեն դեպքում ազատ միջոցներ կարար լիներ, որը որոշակի ժամանակահատվածում կարող էր ներդրվել մեր տնտեսությունում:

Բանկերի հիմնական շահառուներից փոքր ու միջին բիզնեսն է, և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Սամսոն Գրիգորյանը բացասական է գնահատում այսչափ մեծ գումարի դրսում տեղաբաշխումը, այն պարագայում, երբ տնտեսությունն ունի այդ գումարի կարիքը:

Սամսոն Գրիգորյան (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ) - Մի քանի տարի առաջ մենք Եվրոպայից կարծես սպասում էինք նման գումարի ներդրում, որը հույս ունեինք, որ Հայաստանի տնտեսության համար պետք ա լիներ պարարտ հող, որպեսզի տնտեսությունը շատ արագ զարգանա, ու էսօր մենք մեր փողն ենք դուրս հանում էդ չափով երկրից, օդի և ջրի պես էդ գումարը ՀՀ տնտեսությանը պետք կգար, դա կբերեր շատ լուրջ զարգացման:

Ըստ Գրիգորյանի՝ Կառավարության իրականացրած՝ ստվերից դուրս գալու միջոցառումներն օգնել են բանկերի եկամուտների աճին, սակայն տնտեսությունը դրա ազդեցությունը չի զգում:

Սամսոն Գրիգորյան - Բանկերը կոպիտ ասած հարկում են ամբողջ Հայաստանի քաղաքացիներին, տրանսֆերտ ստացողներին, աշխատավարձ ստացողներին, բիզնեսին շատ ուժեղ, և նրանց մոտ գումարի լճացում է լինում, որը էլի մեր թերանալու պատճառով հնարավոր չի լինում էդ գումարը սպառել ՀՀ-ի մեջ: Իրադրությունների շարանը բերեց էնպիսի մի վիճակի, որ մեզ մոտ էսպիսի շանս առաջացավ ունենալ այսքան ազատ գումար, մենք այդ շանսը բաց թողեցինք մեր ձեռքից իհարկե: Էդ գումարը եթե դրվեր Հայաստանի տնտեսության համար, դա շատ լուրջ խթան կլիներ՝ շատ մեծ զարգացումներ ապահովելու համար:

Խոշոր 2 բանկերը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չցանկացան տրամադրել: Իսկ Հայաստանի կենտրոնական բանկը, անդրադառնալով թեմային, «Լուրերին» հայտնեց:

ՀՀ կենտրոնական բանկ
«Առևտրային բանկերը իրենց ներդրումային քաղաքականությունները որոշում և իրականացնում են ինքնուրույն՝ առկա օրենսդրական և նորմատիվային կարգավորումների ներքո»:

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության ղեկավարի կարծիքով՝ մինչդեռ պետությունը պետք է փորձեր տարբերակներ մշակել, որ բանկերի համար երկրում ներդրումներ անելու հեռանկարն ավելի գայթակղիչ դառնար:

Հայկազ Ֆանյան - Գոնե լայն հասարակությանը կամ փորձագիտական հանրությանը հայտնի չի էդպիսի մի քննարկում, որը ծավալված լինի թեկուզ ԿԲ-ի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, կառավարության ներկայացուցիչների նախաձեռնությամբ, թե ինչպես կարելի է էդ միջոցները մասամբ ուղղել դեպի տնտեսության իրական հատված:

Մասնագետները նշում են՝ ներդրումային պայմանների բարելավումից հետո օրենսդրական փոփոխությամբ արժի բանկերին պարտավորեցնել հավելյալ միջոցների գոնե մի մասը երկրի տնտեսության իրական հատված ուղղել:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում