ՀՀ-ում քրաուդֆանդինգի առաջին հարթակում արդեն 3 ընկերություն կա

ՄՄուշեղ Իսախանյան

Հարթակ, որտեղ գործարարն ու ներդրողը նախ հանդիպում, ապա գործակցում են:

Մոտ 2 ամիս է՝ գործարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հիմնադրած ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը: Դեռ չգործարկված՝ հարթակն արդեն հետաքրքրել էր տեղական բիզնեսին՝ հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններին: Հիմա՝ գործարկումից 2 ամիս անց, ԱՌՖԻ-ն 100-ից ավելի հայտ է ստացել և ուսումնասիրում է, 3 ընկերությունների նախագիծ արդեն ստացել է ԱՌՖԻ-ի հավանությունը և շուտով հարթակում ներկայացված կլինի:

Էդգար Էլոյան («ԱՌՖԻ» ներդրումային ընկերության տնօրեն) - Առաջին ամենամեծ առավելությունը նախ այն է, որ դու ռիսկերը կիսում ես ներդրողների հետ, որոնք քեզ հետ դառնում են բաժնետեր: Իրականում նրանք պասիվ բաժնետեր են, գործունեությանը չեն խառնվում, բայց էդ առավելությունը, որ կարողանում ես ռիսկերը կիսել՝ շատ մեծ է: Եվ երկրորդ ամենամեծ առավելությունն էն է, որ մենք ինքներս ապահովենք բոլոր մասնակից ընկերությունների, նախագծերի գովազդը, մարկետինգը նաև մեր սոցիալական հարթակներում:

Իսկ ԱՌՖԻ-ն մարկետինգային լայն արշավ է նախատեսում ամբողջ աշխարհով: «Ռեէդյուքեյթ» ընկերությունը խորհրդի հավանությունը ստացած 3 ընկերություններից մեկն է: Կրթական ուղղվածությամբ ստարտափի նպատակն է դասապրոցեսն աշակերտների համար դարձնել ավելի հետաքրքիր ու գրավիչ:

Հարութ Գևորգյան («Ռեէդուքեյթ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Ծրագիր է, որը հնարավորություն է տալիս, օգտագործելով ԷյԱռ տեխնոլոգիաները, փորձերը կատարել վիրտուալ միջավայրում, էդ փորձերը կատարել ցանկացած տեղ և ցանկացած միջավայրում և անվտանգ:

Իրենց գաղափարը տարբեր դպրոցներում ներկայացրել ու արդեն մի քանիսի հետ սկսել են աշխատել: Լսելով ԱՌՖԻ-ի ու դրա ընձեռած հնարավորությունների մասին՝ դիմել են ու հաջողել:

Հարութ Գևորգյան - Մեր ստարտափը պետք է աճի ոչ միայն հայկական շուկայում, այլև պետք է դուրս գա միջազգային շուկա, ու էդտեղ շատ կարևոր է ներդրումներ ունենալ ու բացի դրանից՝ ունենալ այնպիսի մարդիկ ու կապեր, որոնք կօգնեն հենց ստարտափի զարգացման մեջ:

Հաստատված մյուս երկու ընկերություններից մեկը սննդի, հաջորդը նորարարական գյուղտնտեսության մեջ է գործունեություն ծավալում: ԱՌՖԻ-ն մանրակրկիտ ուսումնասիրում է յուրաքանչյուր բիզնես, անգամ թիմի անդամներին, տեսլականը, ներդրողներին ուղղված առաջարկները:

Էդգար Էլոյան - Մենք չենք ասելու, որ, օրինակ, 100 տոկոսը ձեր խնայողությունների ներդրում արեք մասնավոր ընկերություններում, որովհետև մենք ինքներս հասկանում ենք, որ դա բավականաչափ ռիսկային է: Մենք ամեն ինչ շատ պարզ ու թափանցիկ լեզվով ասելու ենք: Եթե հիմա մենք չանենք, հետո խնդիրներ կառաջանան, հետո կասեն՝ ինչի չասացիք, մենք մեր ամբողջ գումարը ներդրում արեցինք:

Հարթակում նախագծերը սկզբնական շրջանում հարթակում կտեղադրվեն 2 ամիս ժամկետով: Այդ ընթացքում ներդրողները կուսումնասիրեն բիզնեսը և առաջարկը, կհանդիպեն գործարարի հետ: Ներդրողները բաժնետոմսեր կստանան:

Այս հարթակում ներդրում անելուց հետո բաժնետոմսերը բորսաներում վաճառելու հնարավորություն չի լինելու, հետևաբար սեփականատիրոջ հետ պետք է պայմանավորվել բաժնետոմսերը վերադարձնելու տարբերակների մասին:

ԱՌՖԻ-ում վստահ են, առաջիկայում նոր հայտեր կհաստատվեն, հարթակում նոր բիզնես գաղափարներ և կանխատեսումներ կներկայացվեն՝ գնդակը փոխանցելով ներդրողների խաղադաշտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում