ԿԳՄՍՆ համակարգի մշակութային հաստատություններն ակտիվացել են

ՎՎարդուհի Բալյան

ԿԳՄՍ նախարարության համակարգի մշակութային հաստատությունների գործունեությունը և՛ ֆինանսական, և՛ բովանդակային առումով ակտիվացել է: Նախարարի տեղակալը պատճառներն է ներկայացնում:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Շնորհիվ տնօրենների մրցույթի բավական բարեփոխված կարգի՝ մենք կարողանում ենք ապահովել տաղանդավոր մենեջերների, պատրաստ, կարող, պրոֆեսիոնալ մարդկանց մուտքը դեպի պետական կառույցներ: Եվ առաջին գրավականը այս ցուցանիշների փոփոխության ես համարում եմ նախ և առաջ կադրային քաղաքականությունը: 

Խզմալյանի խոսքով՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար մի քանի տարի շարունակ խոշոր հատկացումներ պետք է արվեն պետական կառույցներում: Միայն 2022 թվականին ավելի քան 1 մլրդ 284 մլն դրամ է հատկացվել՝ նախարարության ենթակայության կառույցները տեխնիկապես զինելու և նորոգումների համար: Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը լուսաձայնային տեխնիկայով վերազինվելուց հետո կառույցի ֆինանսական ցուցանիշները ևս բարելավվել են: Միայն դեկտեմբերին՝ արդեն իսկ 22 հազար տոմս է վաճառվել:

Արտաշես Բաբայան (Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն) - Այս տարի մեր թատրոնը, համեմատած 2021 թվականին, գրանցել է բավականին բարձր ցուցանիշներ: Եթե համեմատենք տոկոսային, մոտավորապես թատրոնը և՛ ֆինանսապես, և՛ բովանդակային, այսինքն՝ հանդիսատես, որ ընդունել ենք, աճ է ունեցել մոտավորապես 25-28 տոկոսի չափով: Դա շատ մեծ ցուցանիշ է մեզ համար:

Սեփական եկամուտների ավելացման և որակական առաջընթացը նկատվում է հատկապես թատրոնի ասպարեզում: Ընդ որում՝ ինչպես մայրաքաղաքի թարտոններն են ակտիվացել, այնպես էլ՝ մարզերի: Փոխնախարարը մատնանշում է Գյումրու, Վանաձորի, Արտաշատի թատրոնները:

Արա Խզմալյան - Եվ միջազգային շփումներն են ընդլայնվում, միջազգային տարբեր փառատոներում մրցանակներ և դիպլոմներ են ստանում մեր ներկայացումները, միջազգային մամուլն ու լրատվամիջոցներն են անդրադարձ կատարում մեր ներկայացումներին և սա նաև աստիճանաբար դիրքավորում է հայ թատրոնը՝ միջազգային թատերական շուկայում:

Մինչև 2024 թվականը մշակութային հաստատությունների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու խնդիր է դրված: Դրա համար ֆինանսների հատկացման տրամադրման նոր կարգ է մշակվելու:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում