Վառելիքի ճգնաժամից խուսափելու համար Արցախում հանրային տրանսպորտն անցել է խնայողության

ՆՆարեկ Սահակյան

Ստեփանակերտի երթևեկությունից պարզ երևում է, որ Արցախում անցել են դիզվառելիքի և բենզինի խնայողության: Դրանց մատակարարումն իրականացվում է կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբի կտրոններով:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանությունների հրահանգով իբրև «բնապահպանները» շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Դեկտեմբերի 13-ից էլ ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախը զրկված է գազի մատակարարումից:

Կարմեն Ասլանյան (բենզալցակայանի տնօրեն- Առաջնահերթությամբ ստանում են բժշկական կենտրոնները, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունները, ոստիկանությունը, դրա հետ զուգահեռ՝ նաև հացի փռերը, ովքեր որ սպասարկում են:

Արցախի բենզալցակայաններում հիմա հերթերը հեղուկ գազի համար են: Տնտեսվարողները հրահանգ ունեն չլիցքավորել ավտոմեքենաները, առկա պաշարը փոքր չափաբաժիններով տրամադրել բացառապես կենցաղային նպատակով:

Կարմեն Ասլանյան - Լիցքավորում ենք գազաբալոնները, բավարար քանակությամբ դեռ գազի պաշարներ ունենք:

Ասրյանների բազմանդամ ընտանիքում 7 երեխա է մեծանում: Եթե ջեռուցման հարցն էլեկտրական սարքերով լուծում են, տաք ջրի հարցը սուր է: Ինչպես մեծահասակներին, 5-ամյա Մանեին այդ հարցը ևս մտահոգում է:

Ինա Ասրյան - Երեկոյան 1:30 արթնացրել է, ասում է՝ պիտի լողանամ: Ասում եմ՝ Մանե, ջուր չկա, 5 տարեկան երեխա է, չի հավատում, ասում է՝ բացեմ ծորակը, տեսնեմ՝ կա, թե չկա: Մի կերպ համոզել եմ, թեյնիկն եմ տաքացրել, վաննայի մեջ ջուր լցրել, այնքան, որ մտնի երեխան մեջը, դուրս գա:

Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար խնայողության է անցել հանրային տրանսպորտը: Ստեփանակերտը սպասարկող ընկերությունն անցել է ոչ աշխատանքային օրերի ռեժիմի:

Մխիթար Սարգսյան («Ստեփանակերտ սերվիս» ընկերության տնօրեն- Աշխատանքային օրերին սպասարկում էինք 24+1 մեքենայով՝ բոլոր երթուղիներում, այսօր դա քչացրել ենք՝ համարյա 50 տոկոսով կիսել ենք, որ վառելիքի խնայողություն ունենանք:

Երկրորդ օրն է՝ չեն գործում գազով ջեռուցվող կրթական հաստատությունները: Դպրոցներում միայն ավարտական դասարանի աշակերտներն են:

Թերեզա Ղարախանյան (Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ- Ինչպես տեսնում եք՝ օրն արևոտ է.... Քանի որ մինչև ձմեռային արձակուրդները մնացել են ընդամենը հաշված օրեր, ինձ թվում է՝ գործընթացը շարունակելու ենք:

Ստեփանակերտի համար 1 դպրոցը ջեռուցվում է վառելափայտով: Ճգնաժամի շարունակության դեպքում պատրաստ են երեխաներ ընդունել այլ դպրոցներից:

Հայաստան Թումանյան (մաթեմատիկայի ուսուցիչ- Տեսնենք՝ եթե երկար է շարունակվում, մենք ունենք ջեռուցում, մեզ համար դժվար չէ 40 հոգանոց դասարանում աշխատել: Մնացած դպրոցներից երեխաներին կընդգրկենք այն դպրոցներում, որտեղ ջեռուցում կա՝ երեքով կնստենք, չորսով կնստենք, կլսենք, կաշխատենք, երկհերթ, եռահերթ կաշխատենք, ես չեմ չափազանցում:

Ադրբեջանական շրջափակման պատճառով Արցախի բնակիչների մեծ մասը բնակարանների ջեռուցումը կազմակերպում է էլեկտրաէներգիայով, որի խնայողաբար օգտագործումը ևս համահունչ է ստեղծված իրավիճակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում