Էներգետիկա և հանքարդյունաբերություն. օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 76.5 մլրդ դրամ

ԼԼիլիթ Ասատրյան

Ընթացիկ տարվա հունվար-հունիսի տվյալով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 76 մլրդ 554 մլն դրամ: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալի` առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է՝ մոտ 57.5 մլրդ դրամ ներդրումով, ապա Իտալիան՝ 6.6 մլրդ, Արգենտինան` 5.8 մլրդ դրամով:

Հիմնական ուղղություններն են` էլեկտրականության, գազի մատակարարման ոլորտը՝ 32.5 մլրդ դրամ, հանքարդյունաբերությունը՝ 21.7 մլրդ, ավիափոխադրումը՝ 8.1 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումներն աճել են մոտ 34 մլրդ-ով, 2020-ին, կորոնավիրուսով պայմանավորված, ուղղակի ներդրումների բալանսը բացասական էր, իսկ 2019-ին` մոտ 19 մլրդ դրամ:

Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա նշանակում է մի բան, որ չնայած նախորդ տարիների՝ քովիդի, պատերազմի, որոշակի պատերազմով պայմանավորված անկայունությանը, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսությունը շարունակում է լինել գայթակղիչ և, բնականաբար, ոչ մեկն իր, այսպես ասենք, «փողերի ձեռքը կրակը չի ընկել», և միայն այնտեղ են ներդրումներ կատարում, որտեղ հետագա արդյունքների ակնկալիք ունեն:

Մասնագետների գնահատմամբ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները զարգացման կարևորագույն ցուցանիշներից են, քանի որ դրսից բերվող ռեսուրսներ են: Ըստ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի` 6 ամսվա ընթացքում գրանցված 76 մլրդ դրամի ուղղակի ներդրումը մեծ չէ, այստեղ կարևոր է դինամիկան:

Աշոտ Մարկոսյան (տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր) - Մենք գիտենք, որ աշխարհը ներկայումս գտնվում է տուրբուլենտ շարժման մեջ, հայտնի են նաև այն գնահատականները, որոնք տրվում են համաշխարհային տնտեսությանը, ԵՄ-ին, եվրագոտու ցուցանիշներին, և նկատվում է այդ ցուցանիշների զգալի անկում, բայց մեզանում այդ ցուցանիշները աճել են, ինչը ենթադրում է, որ մեր տնտեսությունը ունի այն գրավչությունը, որը կարողանում է ապահովել ճիշտ է` ոչ շատ մեծ, բայց դրական շարժ:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ օրինաչափ է, որ հիմնական ներդրումները Ռուսաստանից են, քանի որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ, հիշեցնում՝ թե՛ էներգետիկ, թե՛ հանքահումքային ոլորտներում հենց ռուսական կապիտալ է:

Շիրակ Թորոսյան - Մյուս կողմից` մենք մաս ենք կազմում տարածաշրջանային խոշորագույն միության` ԵԱՏՄ-ի, որը ևս իր հերթին ազդում է դրականորեն այս տենդենցի վրա: Մյուս կողմից, պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով, Արևմուտքի բիզնեսի որոշակի ճյուղեր, մասնավորապես` բարձր տեխնոլոգիական ոլորտը, մասնակի չափով տեղափոխվում է Հայաստան, որը ևս ուղղակի ներդրումների դրսևորում է:

Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ կարևոր է նաև դիվերսիֆիկացումը, որպեսզի մեր տնտեսությունը բացահայտ կախվածություն չունենա որևէ ուղղությունից և հնարավորություն ունենա մանևրելու: Այս կարծիքին է նաև Աշոտ Մարկոսյանը:

Աշոտ Մարկոսյան - Երբ որ ներդրումների մի զգալի մասը արվում է այս կամ այն երկրի կողմից, դա նշանակում է որոշակի կախվածություն, սա հանգամանք է, որի վրա արժե ուշադրություն դարձնել, դա էլ ենթադրում է մի բան, որ մենք տնտեսության մեջ պետք է ունենանք բազմազան ճյուղեր, գրավիչ ճյուղեր:

Մեկ այլ խնդիր է, որ ներդրումային ոլորտները շարունակում են մնալ ավանդական ուղղությունները՝ արձանագրում է տնտեսագետը, բայց նաև հավելում, որ տնտեսության կառուցվածքը կարճ ժամանակահատվածում լուրջ փոփոխությունների ենթարկել հնարավոր չէ:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում