Դոլարի ներհոսքը, դրամն ու շուկայի ռիսկերը

ՀՀերմինե Բաղդասարյան

Հայաստան եկողները տեղի մասշտաբով ռեկորդային խոշոր փողեր են բերում երկիր։ Այստեղից դեպի դուրս փոխանցումները հանած՝ բանկային համակարգը ֆիքսել է զուտ ներհոսք՝ 1,4 մլրդ դոլար, ինչը հավասար է երկրի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսին։ Մեծ, աննախադեպ մեծ գումարներ են գալիս։

Անի Գալստյան (հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու) - Հունվար-օգոստոսին 2,9 մլրդ դոլար է եկել Հայաստան, որը մոտավորապես նույն ժամանակաշրջանի համեմատ 1,3 մլրդ-ով գերազանցում է 21 թվականի ցուցանիշը: 2004 թվականից հետո միշտ ստաբիլ ա եղել, ու սենց մի հատ վերելք. դա Հայաստանի նման փոքր տնտեսության վրա շատ մեծ ազդեցություն ա ունենում:

Հանրապետություն մտնող, դուրս եկող և այստեղ ծախսվող գումարները՝ Անի Գալստյանը խնամքով աղյուսակավորել է հետազոտության համար։ Սլավոնական համալսարանում դասավանդելուն զուգահեռ՝ երիտասարդ գիտաշխատողի թիմը պետությունից 16 մլն դրամ թեմատիկ ֆինանսավորում է ստացել՝ ուսումնասիրելու դրամի փոխարժեքի կարգավորման մեխանիզմները՝ նոր իրողությունների պայմաններում։ Նոր իրողությունները՝ ֆինանսական շուկայի, դոլար-դրամ փոխարժեքի վրա շեշտակի ազդող նախ՝ Կորոնա-համաճարակն ու լոք-դաունն էր, ապա՝ Արցախյան պատերազմը, ընթացիկ փետրվարից՝ ռուս-ուկրաինականը, և այդպես շարունակ։ Այս կարճ ընթացքում հայկական տնտեսությունը տարբեր շոկեր ապրեց․ կոնկրետ այժմ՝ դոլարի 405-406 դրամի իջած կուրսի պայմաններում արտահանողները վնաս են կրում, տեղական արտադրողը կորցնում է մրցունակությունը դրսի շուկաներում, փոխարենը՝ շահում են ներկրողն ու սպառողը, որ ցորեն-ձեթ-բրնձի հետ գնաճային ռիսկերը երկիր չեն մտնում։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, շատ բան ժամանակավոր է․ ճգնաժամի չբախվելու համար պետք է հիմա պատրաստվել այն փուլին, երբ գումարների հոսքը կդադարի՝ ասում է հետազոտական խմբի ղեկավարը։

Անի Գալստյան - Ռիսկ կա, որ հոսքը կարող է դադարել, հետևաբար մենք մեր առաջ խնդիր ենք դրել պարզելու, թե ինչ ուղիներով է ազդելու արժութային փոխարժեքի տատանումը մեր տնտեսության վրա, որ հասկանանք՝ ինչ մեխանիզմներ են պետք կարգավորման համար, որ նման ռիսկերը հնարավորինս մեղմացնեն: Տեսեք, օրինակ, դրամի փոխարժեքը բարձրացավ մոտ մինչև 530, պետք է մեղմել դրա ազդեցությունը ֆինանսական հատվածի վրա: Մենք առաջարկելու ենք մեխանիզմներ՝ այդ տեսանկյունից ինչպես մեղմել ազդեցությունը և ինչ մեխանիզմներ կիրառել, որ նպաստենք երկրում տնտեսական երկարաժամկետ աճին:

Դրամաշնորհը 2 տարվա հետազոտության համար է։ Թիմի մշակած սցենարներն ու տնտեսաչափական մոդելներով լուծումները կհրապարակեն մասնագիտական ամսագրերում, տարբեր գիտաժողովների միջոցով կփորձեն առաջարկները հասցնել նաև երկրում ֆինանսական քաղաքականության պատասխանատու Կենտրոնական բանկին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում