ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

ԴԴիանա Գասպարյան

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

Բլինքենը բարձր է գնահատել այն դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, նաև ողջունել երկու երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների միջև վերջին ուղիղ բանակցությունները:

«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել աջակցել խաղաղ գործընթացին։ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնման և նույնականացման, ռազմագերիների վերադարձի և այլ հարցերում աջակցություն տրամադրելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բլինքենն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումների կարևորությունը, կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմը և կենտրոնանալ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա, ինչը, Պետքարտուղարի համոզմամբ, կայուն խաղաղության միակ ճանապարհն է:
 

ՔԱՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԲՈՐԵԼ-ԲԱՅՐԱՄՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Կողմերը քննարկել են Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպման արդյունքները: Բորելը Բայրամովին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայման նախապատրաստական աշխատանքների մասին և կրկնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ԵՄ հանձնառությունը։
Բայրամովն իր հերթին ընդգծել է մոտ ապագայում սահմանազատման աշխատանքների մեկնարկի անհրաժեշտությունը:


ՊԵՅՉԻՆՈՎԻՉ ԲՈՒՐԻՉԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների միջև տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցելու հաշտեցման ջանքերին, ինչը նպաստում է խաղաղ կարգավորմանը հասնելուն: Մենք խրախուսում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ ակտիվացնել ջանքերը` խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու լարվածություն ստեղծող բոլոր հարցերը»,- նշված է նամակում:

Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանի ԱԳՆ-ից հստակ և մանրամասն տեղեկություն է հայցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների սպանությունների տեսագրության փաստի վրա, որոնք գլխավոր քարտուղարը բնութագրել է որպես «ծայրահեղ բռնություն»:

Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում