Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավը վերականգնվել է

ԼԼիլիթ Ասատրյան

Այվազովսկին տուն վերադարձավ․ խոսքը մեծանուն ծովանկարչի «Քրիստոս իր աշակերտներով» հայտնի կտավի մասին է, որը անդառնալիորեն կորսված էր համարվում և, հիմա վերականգնված՝ նորից իր տեղը գտավ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի մշտական ցուցադրությունում:

Արման Բադեյան (Դիլիջանի երկրագիտական թանգարանի տնօրեն) - Ոչ միայն թանգարանը հարստացավ կամ Դիլիջան համայնքը, այլև ամբողջ հայությունը: Համաշխարհային ծովանկարչության լավագույն տասնյակում Այվազովսկին, Դիլիջանի պատկերասրահում երկու Այվազովսկի կա:

«Քրիստոս իր աշակերտներով» կտավին դժվար ճակատագիր էր բաժին հասել: 1958-ին այն Էրմիտաժից փոխանցվել էր Դիլիջանի նորաստեղծ թանգարանին՝ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով: Թանգարանի նախկին հին շենքից 90-ականներին գողացվել, նույն թվականին գտնվել էր, բայց՝ լրջորեն վնասված: Հետագա տարիներին պահվել էր թանգարանի պահոցում, չի վերականգնվել, ժամանակն էլ իր քայքայիչ գործն է արել: Վերջնական կորստից փրկեց Արևիկ և Արշալույս Թահմիզյան քույրերի նախաձեռնությունը: Նրանց բարերարությամբ և ազգային պատկերասրահի մասնագիտական թիմի ջանքերով կտավը երկրորդ կյանք ստացավ:

Արևիկ Թահմիզյան («Հավատարիմ» մարդասիրական ՀԿ տնօրեն) - Շատ վատ վիճակում էր նկարը, նույնիսկ չէր էլ երևում էդ պատկերը, հազիվ-հազիվ, պիտի ուշադիր նայեիր, որ հասկանայիր՝ ինչ ա: Հիմա դժվար ա հավատալ՝ սկզբում ոնց էր, հիմա ոնց ա, մեծ գործ ա արվել:

Արևիկը 3 տարի է՝ Դիլիջանում է ապրում, թանգարանի մշտական այցելուն և բարեկամն է: Վրձնի մեծ վարպետի Աստվածաշնչյան շարքի այդ կտավի մասին իմանալով՝ չէր հապաղել․

Արևիկ Թահմիզյան - Որ իմացա «Քրիստոս իր աշակերտներով» կտավն է, էդ իմ ամենասիրելի դրվագներից մեկն ա Նոր Կտակարանում, որ Քրիստոսը քնած նավի մեջ, այսինքն՝ կատարյալ մարդ, և կատարյալ Աստված:

Սրահը, որտեղ հիմա Հովհաննես Այվազովսկու երկու կտավներն են, անվանակոչվեց նրա անունով: Այստեղ ցուցադրված են նաև մի քանի հայ անվանի գեղանկարիչների գործեր:

Համլետ Ասատրյան (գեղանկարիչ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս) - Էսօր այցելուին դիտելու, լավ զգալու հնարավորություն ստեղծվեց, որովհետև սա մեր հայ նկարչության պարծանքն է: Նա հայազգի նկարիչ է, հայերեն է խոսել, հայերեն է գրել, հայերեն է երգել, հայերեն է սիրել:

Հանդիսությանը երեխաների ներկայությունը պատահական չէ: Մեկ այլ սրահում ցուցադրված են «Քրիստոնեություն, ծովանկարչություն, Այվազովսկի» թեմայով գեղանկարչության մրցույթի փոքրիկ մասնակիցների գործերը: Բանախոսները ներկայացրին Այվազովսկու կյանքի կարևոր դրվագները, իսկ ամբողջ միջոցառումը ուղեկցվեց դասական երաժշտությամբ:

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում