Կառավարությունը փոխհատուցում է ազգային նվագարանների գծով ուսուցման վարձավճարը

ԱԱրսեն Մկրտչյան

Գավառ համայնքի երաժշտական և արվեստի 6 դպրոցի 128 աշակերտ սովորում է ազգային նվագարանների գծով: Նրանցից 44-ի ուսման վարձավճարը փոխհատուցում է պետությունը: 2021-22 ուստարվա սկզբին պետպատվերը հանվեց, որոշ աշակերտներ ստիպված եղան փոխել գործիքը կամ թողնել երաժշտական կրթությունը: Երկրորդ կիսամյակին պետպատվերը վերականգնվեց, սակայն որոշ գործիքների գծով նորից աշակերտներ հավաքել չստացվեց:

Ալիսա Նահապետյան (Գավառի արվեստի դպրոցի քանոնի ուսուցիչ) - Պետպատվերի ժամանակ ավելի հետաքրքրությունը շատ էր: Ծնողներն ավելի ոգևորված էին բերում, սովորում էին աշակերտները: Սեպտեմբերից պետպատվերը դարձավ վճարովի: Մենք աշակերտներ շատ կորցրեցինք: Նորից վերականգնվել ա, դե, մեր աշակերտներից որոշ եղան պետպատվերով: Ինձ մոտ անցած տարիներին մինչև 10-12 աշակերտ եմ ունեցել, բայց սեպտեմբերից՝ 5-6 աշակերտ:

Հիմա, երբ վարձավճարի փոխհատուցման ծրագիրը դարձյալ իրականացվում է, դպրոցներում հույս ունեն՝ նոր ուսումնական տարում կավելանա ոչ միայն ժողգործիքների գծով սովորողների թիվը, այլ նաև հենց բաժինները:

Մարի Սիրականյան (Գանձակի երաժշտական դպրոցի տնօրեն) - Մենք ունեցել ենք պկու, զուռնա բաժինը: Երեխաներն ավարտել են: Այժմ մենք ամեն ինչ անում ենք, որ նոր ուսումնական տարում նորից համալրենք այդ բաժինները: Կուզենայի նաև բլուլը, քամանչան, թառը վերականգնեին իրենց գործունեությունը:

Ունենալով պետության աջակցությունը՝ համայնքապետարանը երաժշտական կրթություն իրականացնող արտադպրոցական հաստատություններին հանձնարարական է տվել՝ ուսումնասիրել սովորողների կողմից ժողգործիքների պահանջարկը: Դրա հիման վրա պետք է կազմակերպվեն հատկապես մոռացության մատնված գործիքների գծով դասավանդումը և մասնագետների համալրումը:

Գրիգոր Դաշտոյան (Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Մենք ուզում ենք, որպեսզի դպրոցներում դասավանդվեն քամանչա, թառ, այն դպրոցներում, ուր չկա սանթուր, նաև՝ սանթուր: Մասնագետ ունենք սանթուրի, բայց մյուս մասնագետների գծով, բնականաբար, խնդիր ենք ունենում և այժմ փորձում ենք հասկանալ. եթե Երևանից կամ այլ մարզից հրավիրում ենք մասնագետի՝ ինչպե՛ս ենք կազմակերպում նրանց Գավառ տեղափոխությունը: Այսինքն՝ տեխնիկական խնդիրներ ենք փորձում լուծել, որպեսզի նոր ուսումնական տարվան ընդառաջ նոր բաժիններ կարողանանք ստեղծել:

2022-23 ուստարում ազգային նվագարանների գծով սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով Կառավարությունը Գավառ խոշորացված համայնքին հատկացրել է շուրջ 9 մլն 805 հազար դրամ:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում