Հայտնաբերվել է Վան Գոգի թաքնված ինքնանկարը. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ՉԻՆԱՍՏԱՆ

ԴՐՈՆՆԵՐՈՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՇՈՈՒ

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգի Նանչոնգ քաղաքում կազմակերպվել է անօդաչու թռչող սարքերի լուսային շոու՝ 2022 թվականի Սիչուանի մշակութային տուրիզմի միջազգային փառատոնի բացման արարողությանն ընդառաջ: Այդ մեծ միջոցառումն այս տարի կանցկացվի հուլիսի 21-22-ը:

Ընդհանուր առմամբ, օգտագործել են 500 անօդաչու թռչող սարք: Դրանք հագեցած են նորագույն տեխնիկայով՝ հատուկ լուսային և երաժշտական ​​շոու ներկայացնելու համար: Ցզյալինցզյան գետի Նանչոնգ հատվածի երկայնքով ձգվող այգում հանգստացող զբոսաշրջիկները հիացել են տեսարանով:

Դրոնները գիշերային երկնքում ներկայացրել են շարունակ փոփոխվող նոր պատկերներ, ազգային խորհրդանշաններ ու գույներ:

ԻՏԱԼԻԱ

ԼՈՐԵՆՑՈ ՔՈՒԻՆԻ ՔԱՆԴԱԿԸ ՇՐՋԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՋՐԱՆՑՔՆԵՐՈՒՄ

Իտալացի քանդակագործ, կինոդերասան, դերասան Էնթոնի Քուինի հինգերորդ որդու՝ Լորենցո Քուինի վերջին աշխատանքը, որը կոչվում է Baby 3.0, նավով անցել է Վենետիկի ջրանցքներով:

Քանդակը, որը պատրաստված է չժանգոտվող պողպատե ցանցից և ձուլածո ալյումինից, ունի 7 մ բարձրություն և 9 մ լայնություն, ներկայացնում է երեխայի, որը պատրաստվում է ծնվել մոր արգանդից:

Baby 3.0-ը մինչև հոկտեմբերի 31-ը կցուցադրվի Վենետիկում՝ Palazzo Corner-ի այգում՝ Մեծ ջրանցքի դիմաց:

2017 թվականին Վենետիկի Բիենալեի 57-րդ միջազգային արվեստի ցուցահանդեսի առիթով Քուինը Վենետիկի Մեծ ջրանցքում տեղադրել է իր Supporto՝ «Աջակցություն» կոչվող քանդակը, որը բաղկացած է երեխայի ձեռքերից: Դրանք, ասես, պահում են Palazzo Ca' Sagredo-ի հնագույն ճակատը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՇՔԵՐԹ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հազարավոր հեծանվորդներ են մասնակցել Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող ամառային հեծանվային շքերթին։

Շատ մասնակիցներ, այդ թվում՝ Յուրի Ստենսովիչը, ողջունել են այս տարվա միջոցառմանը COVID-ի սահմանափակումների վերացումը:

Յուրի Ստենսովիչ (հեծանվային շքերթի մասնակից) - Ինձ շատ են դուր գալիս նման միջոցառումները: Մենք երկու տարի հոգնել ենք այս քովիդյան խելագարությունից: Ուրախ եմ, որ նման միջոցառումները վերադառնում են։ Սրանք իսկապես անհրաժեշտ են:

Իրինա Լեմեշկինա (հեծանվային շքերթի մասնակից) - Այստեղ հավաքվել են այն մարդիկ, որոնք սիրում են սպորտը: 42 հազարանոց մարդկանց ամբոխի մեջ լինելով՝ մեծ էներգիա ես զգում: Հասկանում ես, որ այս համայնքի մի մասն ես:

Շքերթի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման համար ընտրված երթուղին, որով կարելի է անցնել հեծանվով, կարող է հրաշալի միջոց ծառայել` Մոսկվայի հայտնի խցանումներից խուսափելու համար:

Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների վիճակագրության՝այժմ Մոսկվայում կա ավելի քան երեք միլիոն հեծանիվ:

Մոսկվայի առաջին հեծանվային շքերթն անցկացվել է 2011թ.:

ԱՄՆ

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՈՒՏԵԼ ԲԵԶՈՍԻՆ, ՄԱՍԿԻՆ, ԳԵՅԹՍԻՆ ԵՎ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԻՆ

Նյու Յորքում, մասնավորապես Բրուքլինի Մաքքարեն զբոսայգում վաճառում են Ջեֆ Բեզոսի, Բիլ Գեյթսի, Ջեք Մայի, Իլոն Մասկի և Մարկ Ցուկերբերգի գլխի տեսքով սառնանուշներ կամ մրգասառույցներ:

Ոչ բոլորն են հավանում այն մարդկանց, որոնք պատկերված են այս աղանդերի վրա, սակայն գրեթե բոլորը միաբերան հավանել են մրգասառույցները, որոնք մեծ ախորժակով վայելել են նյույորքյան շոգի պայմաններում:

Ջերեմի Կլիցման (զբոսաշրջիկ) - Ինձ բոլորը հավասարապես դուր չեն գալիս: Ես ապրում եմ Օսթինում, իսկ Իլոն Մասկն այնտեղի համար շատ բան է արել: Ուստի դա չեմ մոռանում: Իսկ սառնանուշների համը լավ է:

Գաղափարի հեղինակները նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Լոս Անջելեսում: Նախաձեռնության խորագիրն է Eat the Rich, այսինքն` «Կերեք հարուստներին»: Այսպիսի մեկ սառնանուշն արժե տասը դոլար:

ՊԱՂԵՍՏԻՆ

ԴԱՐԲԻՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԱԾ ՏՆԵՐԻՑ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ

Գազայի հատվածում ապրող դարբին Ֆախեր Համադը մետաղի ջարդոն է հավաքում շինհրապարակներից և իսրայելական բանակի հարվածների հետևանքով ավերված տներից: Նա մետաղի ջարդոնը մշակում է և պատրաստում կահույք, մեքենաներ, նաև կենդանիների արձաններ:

Համադը դարբին է աշխատում 13 տարեկանից: Նա իր դարբնոցում մետաղի ջարդոնը մշակում, կռում է և պատրաստում է տանն օգտագործվող իրեր:

35-ամյա Համադը 5 երեխայի հայր է: Նա կարողանում է մետաղի ջարդոնից պատրաստել կարիճների, մոտոցիկլետների, ծառերի, կենդանիների կամ տան դեկորների քանդակներ: Մետաղի ջարդոնն ինքն է հավաքում կամ գնում է ուրիշներից:

Խամիս Համադ (Ֆախեր Համադի եղբայրը) - Նա ավերված տների տերերից մետաղի ջարդոն է գնում չնչին գնով: Կարող է օգտագործել պատուհանների ճաղավանդակներից մնացած թափոնը և դրա նման ամեն ինչ: Նա այդ ջարդոնն օգտագործում է արվեստի գործեր պատրաստելու համար: Պատրաստի իրերն էլ մարդկանց շատ ավելի ցածր գնով է վաճառում, քան կարող են ձեռք բերել խանութներից:

Հետաքրքիրն այն է, որ Համադը հրաժարվում է վաճառել իր ստեղծագործության բնօրինակները, բայց պատրաստ է հաճախորդների համար պատրաստել դրանց կրկնօրինակները: Մի հաճախորդ նրան նույնիսկ առաջարկել է ավելի քան 285 դոլար մոտոցիկլետի բնօրինակի համար, սակայն նա մերժել է առաջարկը:

ՉԻՆԱՍՏԱՆ

ՄԻԿՐՈՊԼԱՍՏԻԿ ՈՒՏՈՂ ՁՈՒԿ ՌՈԲՈՏԸ ԿՕԳՆԻ ՄԱՔՐԵԼ ՕՎԿԻԱՆՈՍԸ

Միկրոպլաստիկ ուտող ձուկ ռոբոտը մի օր կարող է օգնել՝ մաքրելու օվկիանոսների աղտոտվածությունը:

Բավականին փափուկ և ընդամենը 1,3 սմ չափսերով այս ձուկ-ռոբոտները կարող են միկրոպլաստմասսաներ կլանել ջրում՝ վստահեցնում են Սիչուանի համալսարանի չինացի գիտնականները:

Նման ձուկ-ռոբոտ պատրաստելու նպատակն է հոգ տանել, որպեսզի ծովերի և օվկիանոսների մակերևույթից բացի, պլաստիկից մաքրվեն նաև ջրերի խորքը: Նաև ցանկանում են վերլուծելու համար լիարժեք տեղեկություն ստանալ ծովերի հատակում եղած աղտոտվածության իրական պատկերի մասին:

Յույան Վան (Սիչուանի համալսարանի հետազոտող) - Միկրոպլաստիկները բավական փոքր են՝ 5 մմ-ից էլ փոքր չափսեր ունեն, սակայն կարող են իրենց ծակոտկեն կառուցվածքի շնորհիվ կլանել այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսիք են ծանր մետաղները, և, փաստորեն, ավելի թունավոր են, քան սովորական պլաստիկը:

Սև ձուկ-ռոբոտն առաջ է շարժվում լույսի ճառագայթի օգնությամբ: Գիտնականներն այդպիսով կարող են կառավարել նրանց, որպեսզի չբախվեն այլ ձկների կամ նավերի: Իսկ եթե պատահմամբ մեկ այլ՝ իսկական ձուկ դա ուտի, չի վնասվի, քանի որ ռոբոտ-ձուկը պատրաստված է պոլիուրեթանից, որը հեշտությամբ մարսվում է:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՄԲ ԽԱՐՈՒՅԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Հյուսիսային Իռլանդիայի Լառնե քաղաքում պատրաստել են, տեղացիների համոզմամբ, աշխարհի ամենաբարձր խարույկը: Այն ավելի քան 61.5 մ բարձրություն ունի:

Խարույկը նպատակ ուներ գերազանցել ամենաբարձր խարույկի ներկայիս համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր Ավստրիայում՝ 2019 թվականի մարտի 16-ին և ուներ 60 մ բարձրություն:

Լառնեի խարույկը պատրաստել են երկու ամսվա ընթացքում, սակայն այն վառվել է ընդամենը 30 րոպեում:

ՇՈՏԼԱՆԴԻԱ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆ ԳՈԳԻ ԹԱՔՆՎԱԾ ԻՆՔՆԱՆԿԱՐԸ

Հոլանդացի պոստիմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի ինքնանկարը հայտնաբերվել է Շոտլանդիայում՝ թաքնված նրա նկարներից մեկի հետևում:

Շոտլանդիայի ազգային պատկերասրահից հայտնել են, որ պատկերասրահի աշխատակիցները Վան Գոգի 1885 թվականին «Գեղջկուհու գլուխը» ստեղծագործության ռենտգեն հետազոտության ժամանակ հայտնաբերել են նկարչի դիմանկարը: Այն թաքնված է եղել ստվարաթղթի և սոսնձի շերտերի հետևում:

Լեսլի Սթիվենսոն (Շոտլանդիայի ազգային պատկերասրահի աշխատակից) - երբ առաջին անգամ տեսանք ռենտգենը, չափազանց հուզված էինք: Այսպիսի խոշոր բացահայտում պատկերասրահի աշխատակցի կյանքում լավագույն դեպքում մեկից երկու անգամ կարող է լինել:

Հայտնի է, որ Վան Գոգը հաճախ է օգտագործել իր կտավները՝ աշխատելով նաև դրանց դարձերեսին:

Շոտլանդիայի ազգային պատկերասրահից հայտնել են, որ իրենց փորձագետներն ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է հեռացնել սոսինձն ու ստվարաթուղթը, որը ծածկում է ինքնանկարը՝ առանց վնասելու «Գեղջկուհու գլուխը» կտավը:

Ռենտգենյան պատկերը կներկայացվի հուլիսի 30-ից նոյեմբերի 13-ը Էդինբուրգի Շոտլանդական թագավորական ակադեմիայում՝ «Իմպրեսիոնիզմի համը» խորագրով ցուցահանդեսում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում