Կառավարությունը երրորդ անգամ 6 ամսով արգելեց մորթու որոշ տեսակների արտահանումը

ՄՄուշեղ Իսախանյան

Կառավարության նպատակն է Հայաստանը հումք արտահանող երկրից դարձնել մշակված արտադրանք արտահանող երկիր: Խոսքը ապրանքատեսակների լայն շերտի մասին է, բայց հիմա անդրադառնանք կաշվին: Օրեր առաջ Կառավարությունն արդեն երրորդ անգամ 6 ամսով արգելեց խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթու արտահանումը: Նպատակը մշակման արժեշղթան խորացնելն է: Սա կարճաժամկետ գործողություն չէ՝ մանրամասնում է էկոնոմիկայի փոխնախարարը, տեսանելի արդյունք կլինի երկարաժամկետ կտրվածքում:

Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ներկայումս կա որոշակի տենդենց, փաստ, որ վերամշակման առաջին փուլն է դեռ իրականացվում Հայաստանում, և արտահանվում է կիսաֆաբրիկատ կոչվածը, անգլերենով՝ վեթ բլու: Նպատակ կա էս արժեշղթան խորացնել, և էս ուղղությամբ Կառավարությունը ձեռնարկում է քայլեր:

Ամիսներ առաջ հաստատված՝ սարքավորումների ձեռքբերման լիզինգի և վարկերի սուբսիդավորման ծրագրով տնտեսվարողը կարող է մինչև 10 մլրդ դրամի սարքավորում գնել մշակող արդյունաբերության համար, տոկոսները առաջիկա 3-3.5 տարվա ընթացքում կսուբսիդավորի պետությունը: Խոսքը, ընդ որում, միայն կաշվի արդյունաբերությանը չի վերաբերում:

Ռաֆայել Գևորգյան - Մայիս-հունիս ամիսներին ամսական 5 մլրդ դրամի, այսինքն՝ 10 մլն դոլարի սարքավորումների գնման հայտեր են հաստատվել, դրանք արդեն հաստատված, նույնիկ որոշ դեպքերում ներկրված սարքավորումներ են:

Մեր երկրում կաշվի հիմնական մթերողները երեք գործարաններն են՝ Երևանի, Մասիսի ու նորաբաց և ավելի փոքր ծավալներով Գյումրիինը: Երկար տարիներ տեղական հումքն արտահանվում էր արտերկիր, մեր գործարաններն էլ ստիպված ներմուծում էին: Երևանի գործարանը արդեն 1,5 տարի է՝ աշխատում է տեղական հումքով:

Արսեն Թուֆենկջի (Երևանի կաշվի գործարանի տնօրեն) - Մեր տեղական կաշվի արտադրությունը առաջին արգելքից հետո 150 տոկոս բարձրացել էր, որովհետև արդեն դրսից հումք չէինք բերում: Հիմա օրական 4-8 տոննա կաշի ենք վերամշակում: Հիմա մորթի սեզոն չէ, հումքը քիչ է, բայց աշունն ավելի պիտի ըլլա, հումքի խնդիր չունենք, ինչքան հումք կա Հայաստանում՝ պատրաստ ենք ընդունելու, մշակելու:

Այս պահին արտադրանքը հիմնականում ներքին շուկայում են սպառում: 2 տարի է արդեն՝ այս գործարանի կաշին վաճառվում է բանակին զինվորական կոշիկ մատակարարող ընկերությանը: Վերջին ամիսներին նաև Ռուսաստան են որոշակի խմբաքանակ ուղարկել:

Արսեն Թուֆենկջի - Հումքը ծախելը շատ եկամտաբեր բան մը չէ: Մենք էստեղ մշակում ենք, 50-60 հոգի մարդ ենք աշխատացնում, ավելի արդյունաբեր ապրանք ենք դարձնում, էնտեղ տոննան 400-500 դոլար կարող են ծախել, բայց հետո այդ ապրանքը կմշակվի և ավելի թանկով կբերվի Հայաստան:

Այստեղ հոսքագծերը հին են՝ խորհրդային ժամանակների, հիմա որոշել են նոր տարածք ձեռք բերել, Կառավարության աջակցություններից էլ օգտվելով նոր հոսքագծեր ներմուծել՝ կբարձրացնեն արտադրողականությունը, կավելացնեն աշխատատեղերի թիվը և տեսականին: Պատասխանատու գերատեսչության կանխատեսմամբ՝ այս տարի երկրում կվերամշակվի 2000 տոննա կաշի:

Ռաֆայել Գևորգյան - Մեր վերամշակողներին պետք է որոշակի ժամանակ տանք, որպեսզի արդիականացնեն իրենց սարքավորումները, ստանան էն որակը վերամշակման, որ մեզ հարկավոր է ավելի որակյալ ու թանկարժեք կաշի ստանալու համար:

2021-ի դեկտեմբերի 16-ից մինչև 22-ի ապրիլի 30-ը տեղական ընկերությունները ընդունել են տավարի մոտ 624 տոննա և ոչխարի 4700 հատ չմշակված կաշի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում