Գյումրիում ազդարարվեց 2023-ի Համահայկական ամառային ութերորդ խաղերի մեկնարկի մասին

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրիում այսօր համահայկական ամառային ութերորդ խաղերի մեկնարկի մասին ազդարարվեց։ Խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին։ Բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ տարբեր մարզաձևերի առաջնությունները՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։

Իշխան Զաքարյան (Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ) - Սպորտային առումով պետք է տեսնենք՝ ինչ հնարավորություն ունենք Գյումրիում անցկացնելու. ունենք 17 մարզաձև:

Խաղարկվելու է 107 կոմպլեկտ մեդալ։ Ամառային ութերորդ խաղերից հետո Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին կանցկացվեն Ծաղկաձորում։

Իսկ մինչև այդ նախապատրաստությունները մեկնարկում են ամառային ութերորդ խաղերի մայրաքաղաք Գյումրիում։

Գյումրին այս խաղերին և՛ մասնակից է, և՛ կազմակերպիչ։ Պետք է համախմբված ու մանրազնին աշխատել` գերազանց արդյունք գրանցելու համար երկու ուղղություններով էլ։

Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Այս պահից պետք է լծվենք գործի ենթակառուցվածքների մասով, որպեսզի կարողանանք այս մեծ իրադարձությունն իսկապես դարձնենք, ինչու չէ, նաև տոն քաղաքի համար։

Սա համահայկական խաղերի պատասխանատուների և մարզի, քաղաքի ղեկավարության առաջին հանդիպում- քննարկումն է։ Եւս մեկը կառավարության աշխատակազմի ղեկավարության հետ է եղել։ Կստեղծվի Կառավարության կազմկոմիտե, և ավելի ընդլայնված կազմով նոր հանդիպումներ կլինեն։

Կարեն Գիլոյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Հայաստան-Սփյուռք կապերի լավագույն միջոցառումն է, կապեր, պայքար, բարեկամական ամուսնական կապերի հաստատում, տեսել-սիրահարվել են, այս խաղերը պետք է շարունակվեն անպայման։

Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Իրոք պարտավորեցնող է, կարծում եմ` շուտ պետք է անցկացնեին Գյումրիում։ Կարծում եմ` պատվով կկարողանանք կազմակերպել, և, ինչու չէ, նոր բարեկամական կապեր կհաստատվեն, այո, ինչու չէ, հարսներ բերենք Գյումրի։

Համահայկական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1999 թվականին: Մասնակցել է 1141 մարզիկ` Հայաստանի քաղաքներից ու արտերկրի հայ գաղթօջախներից։ Յոթերորդ խաղերը Ստեփանակերտում էին՝ 5244 մասնակցով։ Գյումրին էլ պատրաստ է պատվով ընդունելու 8-րդ ամառային խաղերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում