Շիրակում այսօր ՏԻՄ ընտրություններ են Ախուրյան եւ Արթիկ խոշորացված համայնքներում։ Հատկապես ակտիվ են անցել ընտրությունները Արթիկում, որտեղ պայքարի մեջ է 4 քաղաքական ուժ: Այստեղ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են կուտակումների և ուղղորդումների մասին, անդրադարձել իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներին բերման ենթարկելու դեպքերին:
Համայնքի գործող ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Անան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ընտրությունները Արթիկում բնորոշել է որպես խաղաղ եւ մրցակցային, շեշտել՝ մրցակից ուժերի բարձրացրած որևէ հարց չի հաստատվել: Նա վստահություն է հայտնել, որ մեծամասնությունը ձայնը տալու է իր գլխավորած ցուցակին:













