Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ավելի քան 59 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրել

ԼԼիլիթ Ասատրյան

Մինչև այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ավելի քան 59 մլրդ դրամ փոխհատուցում է տրամադրել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին: Հիմնադրամն այս պահին ունի 4760 շահառու: Հիմնական մասը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո:

Տաթևիկ Յաղջյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար) - Այս պահին շահառուներից 3998-ը զոհեր են, 152-ը՝ անհայտ բացակայողներ, 612-ը՝ հաշմանդամություն ունեցողներ:

Այս տարվա առաջին եռամսյակում 675 մլն դրամի միանվագ հատուցում է տրամադրվել ևս 70 դեպքով: Հիմնականում անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներն են: Հիմնադրամը նպատակ չունի ուղղորդել քաղաքացիներին, թե ինչպես ծախսել գումարը: Նշում են՝ սա օգնություն չէ, այլ ապահովագրական փոխհատուցում:

Տաթևիկ Յաղջյան - Փորձելու ենք կրթության և ֆինանսական գիտելիքներ փոխանցելու միջոցով այդ ընտանիքներին տալ գործիքներ, որ գումարներն ավելի նպատակային ծախսեն: Օրինակ՝ կան, որ ավանդ են դրել կամ հիփոթեքով տուն գնել:

Վերջերս օրենսդրական փոփոխությամբ հիմնադրամի շահառուների ցանկն ընդլայնվեց: Փոխհատուցում կստանա նաև զոհված զինծառայողի քաղաքացիական կինը, որի հետ նա համատեղ զավակ ունի և հայրությունը ճանաչել է:

Տաթևիկ Յաղջյան - Երկրորդը զինծառայողի քույրերն ու եղբայրներն են, որոնք նույնպես կարող են դառնալ շահառու, մի փոքր բացառությամբ, երբ որ այս զինծառողի գծով չկա որևէ այլ մեկը, որին հատուցում է տրվում:

Օրենքի փոփոխությունից հետո ստացվել է նմանատիպ 10 գործ, որտեղ քույրերն ու եղբայրներն են դարձել շահառուներ: 9-ի դեպքում հատուցումներն արդեն տրամադրվել են: Մինչև այժմ պարտադիր վճարումներից և նվիրատվություններից հավաքվել է մոտ 72 մլրդ դրամ: Նվիրատվություն է մոտ 11 մլրդ դրամը, որի մոտ 70 տոկոսը ստացվել է Հայաստանից և Արցախից, մնացածը այլ երկրներից:

Տաթևիկ Յաղջյան - Մենք ունենք երեք դոնոր երկրներ, որտեղից մեր հայրենակիցները նվիրաբերում են՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Եվրոպայից: դրանք երկարաժամկետ են, կցում են իրենց բանկային քարտը և ամեն ամիս նվիրաբերում են:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլի 24-ին ընդառաջ նաև դրամահավաք-արշավ է կազմակերպում՝ առաջարկելով նվիրաբերել գումար ի հիշատակ մեր պատմական հայրենիքի կամ անցավորաց:

Անի Հարությունյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու) - Նվիրաբերություն կատարելիս հնարավոր է նշել այն անձի անունը, ում ընտանիքի անդամի հիշատակին եք նվիրաբերում գումար, և հիմնադրամը հավաստագիր կուղարկի նրա ընտանիքին, որը կփաստի նվիրաբերության մասին:

Գումարը կարող եք նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի միջոցով, որտեղ կարող եք նշել նաև ձեր նախնիների կորսված բնակավայրի անունը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում