Գյումրիի առաջին պոլիկլինիկայի շենքը կամրացվի ու կնորոգվի

ՎՎահե Դավթյան

Շիրակի մարզում երկու պոլիկլինիկա ընդգրկվել է կառավարության հրատապ միջոցառումների ծրագրում և հիմնովին կնորոգվի։ Գյումրու երկրորդ պոլիկլինիկայի մասով քննարկումները դեռ չեն ավարտվել, իսկ շուրջ մեկ դար որպես առողջապահական հաստատություն շահագործվող առաջին պոլիկլինիկայի շենքը ներառված է հրատապ նորոգումների ծրագրում:

Լեյլի Ասլանյան (Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատու) - Մեկնարկը լինելու է 23 թ. ապրիլին: Հատկացված է 267 մլն դրամի կարգի գումար։

Գինեկոլոգի աշխատասենյակի հատվածում շենքը լուրջ վնասված է, վերջին երկրաշարժից ճեղքերն ավելի են խորացել: Հատկացված գումարով կիրականացվի շենքի ամրացում ու ներքին հարդարում: Բուժանձնակազմը տեղյակ է նոր որոշումից։

Մանյա Նիկողոսյանն արդեն 40 տարի է աշխատում է այստեղ. ասում է՝ վերջին անգամ շենքում մասնակի նորոգում եղել է 90- ականներին:

Մանյա Նիկողոսյան (Ավագ բուժքույր) - Անցած դարի 24 թ. սկսել է գործել որպես բուժհաստատություն, երկու տարի հետո 100 ամյակը կնշվի: Շենքը 1870- ականների շենք է եղել, սկզբում ինչ էր` չգիտեմ, բայց 24 թ բուժհաստատություն էր:

Խնդիր է նաև բուժական գույքը, ասում է տեղամասային բժիշկ Հրանուշ Հակոբյանը, հրատապ է հատկապես ռենտգենի հարցը։

Հրանուշ Հակոբյան (բժիշկ) - Ռենտգենը հին է, լուրջ խնդիր է, էխոյի ապարատը հին է։ 15 հազար հոգու է սպասարկում, ես էլ եմ զարմանում , որ չեն տեղափոխվել ազգաբնակչությունը, բուժանձնակազմը հարգված է, սիրված կլինիկա է:

Շենքի հարցը լուծելուց հետո սարքավորումները կնորացվեն, ասում է մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն։ Այդ հարցով արդեն բանակցություններ են վարում Եվրասիա հիմնադրամի և առողջապահության նախարարւթյան հետ։ Երրորդ խնդիրը, որը ընդհանուր է առողջության առաջնային պահպանման օղակի համար մարզերում, ըստ Լեյլի Ասլանյանի, նեղ մասնագիտական կադրերի հարցն է։

Լեյլի Ասլանյան - Մասնագետների պահանջարկն ապահովելու համար կառավարությունը ծրագիր է իրականացնում, նպատակային կլինիկական օրդինատուրա ունենք:

Առայժմ այդ հարցն այլ կերպ են լուծում. նեղ մասնագիտական կադրերը հերթապահում են մեկ քառորդ կամ կես դրույքով՝ միաժամանակ մի քանի բուժհաստատությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում