Վրաստանի ՆԳ նախարարին ընդունել են ՀՀ վարչապետն ու Ոստիկանության պետը

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև սերտ համագործակցություն է հաստատվում՝ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ հանդիպման ժամանակ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումներին, խոսել Պարեկային ծառայության և դրա արդյունավետության մասին: Կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար:

Վախթանգ Գոմելաուրին Նիկոլ Փաշինյանին է հաղորդել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նշել, որ Հայաստանը Վրաստանի համար շատ կարևոր գործընկեր է ու հարևան:

Վախթանգ Գոմելաուրի, Վրաստանի ներքին գործերի նախարար - Ես միշտ ընդգծում եմ, որ հայերը և վրացիներն ամենամտերիմ ժողովուրդներն են, մենք շատ հարազատ ենք: Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հետագա գործակցության հարցում: Մենք միշտ պատրաստ ենք աջակցել, նաև լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր:

Գոմելաուրիի գլխավորած պավիրակությունը հայ գործընկերների հետ աշխատանքային հանդիպումներ կունենա փետրվարի 2-4-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանի ոստիկանության վարչական շենքում Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Հայաստանի ոստիկանության պետն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ համագործակցությունը։ Ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա գործակցությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները՝ մատնանշելով համագործակցության մի շարք դրական օրինակներ: Նա առանձնացրել է Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունները։

Քննարկվել են անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերը։ Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանության պետի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում