Այս տարվա առաջին 20 օրում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 144 մլրդ դրամ: Սա ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից 22.9 տոկոսով, 2020-ի ցուցանիշից 8.6, 2019-ի ցուցանիշից 156.2 տոկոսով, իսկ 18-ի համեմատ ուղիղ 12 անգամ: Սա հույս տվող սկիզբ է, կարծում է ԱԺ իշխող ուժի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ նրա սրան նպաստել են հարկային վարչարարությունն ու քաղաքացիների հետևողականությունը ՀԴՄ-ներ տրամադրելու հարցում, սակայն հիմնական գործոնն այլ է:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պատճառը շատ պարզ է, մենք երբ որ նախագիծ բերեցինք, որ հանգստյան օրերը Հայաստանի Հանրապետությունում շատ էր և թողեք մարդիկ աշխատեն, մեծ բողոք առաջացավ, որ թողեք հանգստանան մարդիկ և այլն, բայց մենք ցանկացանք ապացուցել, որ այստեղ տնտեսական էֆեկտ ենք ունենալու: Եվ ամսի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնելով այլևս աշխատանքային օր 4 օրվա ընթացքում մենք գերազանցեցինք հավաքագրման տվյալները և տնտեսության ընթացքը չընդհատվեց ամենակարևորը:
Հարկային նման եկամուտները նախորդ տարվա դեկտեմբերի ակտիվության մասին են խոսում՝ նշում են տնտեսագետները՝ հավելում գնաճը ևս նպաստել է հարկերի առաջանցիկ աճին:
Կարեն Սարգսյան (Տնտեսագետ) - Բայց նաև ամենակարևոր գործոնը այստեղ, որ տնտեսությունը ճգնաժամից աստիճանաբար դուրս է գալիս և դա ակնհայտորեն պետք է ազդեր նաև հարկային եկամուտների ծավալի աճի վրա:
Անդրադառնալով 2018 թվականի համեմատ 12 անգամ ավելի շատ հարկեր հավաքագրելուն Բագրատյանը հիշեցրեց, որ նախկինում շատ ընդունված էր գերավճարների պրակտիկան:
Սերգեյ Բագրատյան - Այսինքն տնտեսավարողներին պարտադրում էին, որ հարկային գերավճարներ անեն հետագայում տարվա ընթացքում մարելու պայմանով: Ցավոք սրտի տարվա ընթացքում երբ որ չէր մարվում տարվա վերջին մի ակտ էին գրում և հաշվանցում էին այդ ամբողջ գումարը պետական բյուջե: Այսինքն տնտեսվարողը ստիպված էր լինում լրացուցիչ մուտքեր ապահովել դեռևս չաշխատելով:
Հարկային եկամուտներն աճում են ավելի արագ, քան տնտեսությունը, մասնագետները սա բացատրում են առաջին հերթին պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ վարչարարությամբ:
Կարեն Սարգսյան - Հարկային վարչարարության կատարելագործումը և ստվերի կրճատումը նաև հարկային եկամուտների վրա են ազդում, բայց սա ոչ միայն այս 20 օրվա մասին է խոսքը, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում, վերջին տարվա ընթացքում անհամեմատ ավելի բարձր են հարկային վճարների ցուցանիշները, ապառքների ասենք կրճատումները մենք նայում ենք ասենք ավելի շատ են եղել, սա վկայում է այո ստվերի կրճատման մասին, ինչը կարծում եմ դրական է:
Այս տարվա առաջին եռամսյակում նախատեսված է հավաքագրել 395.4 մլրդ դրամ. 20 օրում ցուցանիշն արդեն կատարվել է 36.4 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան













