Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրում նախնական մասնագիտական արհեստագործական 6 բաժին է գործում

ԼԼիլիթ Սեդրակյան

Ստեփանակերտի «Անտոնիա Արսլյան» հայ-իտալական կրթահամալիրն է: Գործնական պարապմունքին խոհարարական գործ խմբի ուսանողները միանգամից 5 ուտեստ են պատրաստում:

Ալյոնա Սարգսյան (արտադրության վարպետ, խոհարար) - Մեր բնամթերքները՝ լոկալ բնամթերքները, թույլ են տալիս ստեղծել նոր, պրակտիկ խոհանոց, որը կարող է, ինչու չէ, նաև աշխարհում իր տեղն ունենալ: Ուսուցանում ենք հայկական ու եվրոպական:

Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից տեղահանված Մարատ Գրիգորյանը համոզված է՝ կարճ ժամանակ անց մասնագիտությամբ աշխատանք կունենա: Ուզում է հրուշակագործ դառնալ:

Մարատ Գրիգորյան (խոհարարական խմբի ուսանող) - Գնալու եմ մի տեղ աշխատեմ, պարապ չեմ նստի տանը: Սիրում եմ այս մասնագիտությունը, ուզում եմ սովորել խոհարարությունը:

Մանկապարտեզից և հիմնական դպրոցից բացի, կրթահամալիրում նախնական մասնագիտական արհեստագործական 6 բաժին է գործում: Արհեստի որակավորման փուլը տևում է 3 տարի: Շրջանավարտներն ավագ դպրոցի ատեստատ և արհեստավորի որակավորում կստանան:

Տաթև Զախարյան («Անտոնիա Արսլյան» հայ-իտալական կրթահամալիրի գլխավոր տնօրեն) - Ավտոտրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, խոհարարական գործ, հրուշակագործություն՝ սրանք մի ուղղություն են, սակայն, ըստ կուրսերի, տարբեր որակավորումներ են ստանում, կարի արտադրության տեխնոլոգիա և փայտագործություն:

Սկզբից տարբեր կարատեսակներ, հետո արդեն ավելի լուրջ առաջադրանքներ: Հայ-իտալական կրթահամալիրում մասնագիտական կրթության հնարավորություն նաև ավագներն ունեն: Լուսինեն տնտեսագետ է, բայց նորաձևության նկատմամբ սերը դեպի դիզայներական գործ է տանում:

Լուսինե Պետրոսյան (կարի արտադրության տեխնոլոգիա խմբի ուսանող) - Ակնկալիքներս շատ մեծ են, և, կարծում եմ՝ կկարողանամ հասնել նրան, որ կյանքի կկոչեմ իմ երևակայությունը:

Լուսինե Միրզաջանյան (կարի արտադրության վարպետ) - Իտալացի վարպետների հետ փորձում ենք պատրաստել լավ մասնագետներ՝ մեր ապագայի համար: Նրա համար, որ հստակ ասենք՝ ամենալավ որակը մե՛զ մոտ է:

Գործնական պարապմունքներով կրթահամալիրը փորձում է ապահովել սեփական պահանջարկը՝ փայտագործները կահույք են պատրաստում կրթահամալիրի համար: 17-ամյա Արսենը դասերից հետո արդեն աշխատում է մասնագիտությամբ:

Արսեն Գրիգորյան (փայտագործության բաժնի ուսանող) - Պատրաստում եմ մահճակալներ, պատրաստում եմ բազմոցներ, մեկ-մեկ պատրաստում եմ կահույք միջանցքի համար, հյուրասրահի համար:

Հայ-իտալական կրթահամալիրը հիմնադրել են Արցախի կառավարությունն ու «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամը: Մասնագետների փորձի փոխանակման և նյութատեխնիկական ապահովման հարցերը հոգում են Իտալիայի գործընկերները:

Տաթև Զախարյան («Անտոնիա Արսլյան» հայ-իտալական կրթահամալիրի գլխավոր տնօրեն) - Կանոնադրորեն մենք հնարավորություն ունենք նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսում տալու, բայց այս պահին 3 օղակի կրթական ծրագրեր ենք իրականացնում: Այսպիսի կոմպլեքս, հավաքական, տարաբնույթ օղակների կրթական հաստատություն Արցախում դեռ չկա:

Հայ-իտալական կրթահամալիրը բացվել է 2021-ի հունիսին՝ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի հիմքի վրա: Հիմնադիրները նպատակ ունեն առաջիկայում բարելավել շենքային պայմանները:

Հեղինակ՝ Նարեկ Սահակյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում