ՄԱԿ-ի անդամ ութ երկիր զրկվել է ձայնի իրավունքից

ԴԴիանա Գասպարյան

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Ղազախստանի իրավապահ մարմինները հայտարարել են երկրի 17 շրջանից 14-ում հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին: «Ալմաթի քաղաքում, Ալմաթիի և Ժամբիլի շրջաններում շարունակում են միջոցներ ձեռնարկվել ահաբեկիչներին և հանցավոր այլ գործունեության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ «Այս շրջաններում ահաբեկչության վտանգի կարմիր մակարդակը պահպանվում է»,- նշված է Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Իրավիճակի կայունացման ֆոնին այսօր կմեկնարկի Ղազախստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի կազմակերպված դուրսբերման գործընթացը: Ղրղզստանն արդեն հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմում ընդգրկված իր խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստանի տարածքից դուրս կբերվի հունվարի 14-ին։

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԴԱՇԻՆՔԻ ՉԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Տարածաշրջանում բացասական միտումները բեկելու և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու նպատակով ռուսական պատվիրակությունը Դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պահանջել է ամուր իրավական երաշխիքներ, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում: Այս մասին նշված է Բրյուսելում հունվարի 12-ին կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ կառույցի ընդլայնումը լրջորեն վտանգում է Եվրոպայի և ռուսական կողմի անվտանգությունը և նախազգուշացրել. «Ռուսաստանը բանակցությունների ժամանակ ՆԱՏՕ-ին հայտնել է, որ իրադրության հետագա վատթարացման դեպքում եվրոպական անվտանգության համար անկանխատեսելի և ծանր հետևանքներ կլինեն»:

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Գրուշկոն նշել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները, այդ թվում՝ քաղաքական և ռազմատեխնիկական՝ կանխելու անվտանգության ոլորտում իր շահերի խախտումը։

ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՈՐՈՇՎԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին վստահություն է հայտնել, որ Մադրիդում 2022 թվականի հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հստակ որոշումներ կկայացվեն դաշինքին երկրի ինտեգրման վերաբերյալ։

«Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին որոշումը կայացվել է դեռ 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում։ Դա կարմիր գիծ է և չի վերանայվի»,- ընդգծել է Զալկալիանին։

Նա անդրադարձել էր նաև Բրյուսելում հունվարի 12-ին կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին՝ հույս հայտնելով, որ դաշինքը ռուսական կողմին կհստակեցնի, որ Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ դաշինքի որոշումները վերանայման ենթակա չեն:

Բրյուսելյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ, պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նիստից հետո հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է մեծ աշխատանք տանեն՝ համապատասխանելու այն բարձր չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու համար:

ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ՈՒԹ ԵՐԿԻՐ ԶՐԿՎԵԼ Է ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Միավորված ազգերի կազմակերպության անդամ ութ երկիր՝ Իրանը, Վենեսուելան, Անտիգուան և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Վանուատուն, Պապուա Նոր Գվինեան և Սուդանը, անդամակցության վճարները չվճարելու պատճառով ժամանակավորապես զրկվել են Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից։

ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամը զրկվում է ձայնի իրավունքից՝ երկու կամ ավելի տարիներ անդամավճարը չվճարելու համար: Ամենամեծ պարտքը Վենեսուելայինն է. Կարակասը պետք է վճարի շուրջ 40 միլիոն դոլար: Իրանի պարտքը կազմում է 18 մլն, իսկ Սուդանինը՝ 300 հազար դոլար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում