Հակակորոնավիրուսային տնտեսական միջոցառումների արդյունքները

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության իրականացրած կորոնավիրուսի չեզոքացման միջոցառումները տնտեսության վրա դրական ազդեցություն են ունեցել: 25 միջոցառումից 13-ը սոցիալական, 12-ը տնտեսական էին: Օրեր առաջ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ տնտեսական միջոցառումներով 120 մլրդ դրամի արտոնյալ վարկեր են տրամադրել 2500 շահառու ընկերության: Եվս 76 մլրդ դրամի արտոնյալ վարկեր են տրամադրել գյուղոլորտի ընկերություններին և ֆիզիկական անձանց, որից օգտվել է 42 000 շահառու: 2.2 մլրդի ուղղակի ծախս էլ իրականացվել է աշխատատեղերի պահպանման 3 ծրագրով, որից օգտվել է 13 900 շահառու:

Աղասի Թավադյան, տնտեսագիտության թեկնածու - Ցանկացած պարագայում ճիշտ էին միջոցառումները, որովհետև տնտեսությունը կանգնած վիճակում էր, ապրիլ ամսին գրեթե տնտեսական ակտիվություն ամբողջ աշխարհում չկար, և որպես հակակորոնավիրուսի տարածման հակազդեցություն, իհարկե, անհրաժեշտ էին տվյալ միջոցառումները: Համեմատած այլ երկրների հետ կարող եմ ասել, որ դրական էին մեր միջոցառումները:

Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Լուրերին» հայտնեցին, որ հիմնականում իրականացվել են համավարակի բացասական հետևանքներին հակազդելու տվյալ պահին կառավարության առաջ քաշած դիսկրետ նպատակները:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ - Սոցիալական աջակցությունն ուղղված է եղել, ըստ էության, բոլոր խոցելի խմբերին: Ինչ վերաբերում է տնտեսվարողներին ուղղված աջակցությանը, ապա այն ցուցաբերվել է ինչպես ուղղակի սուբսիդավորման, այնպես էլ նպատակային վարկերի պայմանների լավարկման խթանման, այդ թվում՝ տոկոսադրույքների նվազեցման, որոշ դեպքերում նաև զրոյացման միջոցով, ինչը հետապնդել է նաև երկարաժամկետ հեռանկարում բիզնեսների զարգացման նպատակ:

Միջոցառումների ազդեցությունը գուցե այդքան նկատելի չէր 2020-ին, սակայն 2021-ին դրական ցուցանիշների ձևավորմանը նպաստել են դրանք՝ կարծում է Թավադյանը:

Աղասի Թավադյան - 2021 թվականին արդեն ունենք որոշակի ցուցանիշների աճ: Օրինակ, եթե նայենք արտահանման ցուցանիշները, որը կարելի է մեր տնտեսության ակտիվության ցուցանիշ գնահատել, բոլոր ուղղություններով, բացի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումից, ունենք աճ:

Փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ այս պահին կառավարության ուշադրության կենտրոնում է արդեն իսկ արդյունավետ իրականացված ծրագրերի պայմանների ադապտացումը ներկա իրավիճակին և նոր ռազմավարական նպատակներին:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում