Հացաբուլկեղեն արտադրող սարքեր՝ պատերազմից և համավարակից տուժած ձեռնարկատերերին

ԳԳայանե Թամամյան

Հացաբուլկեղենի ոչ մեծ արտադրամասում արտադրանքի քանակն ու տեսականին ավելացնելու՝ Ալվան Սարգսյանի ցանկությունն իրականացավ, օգնությունը եկավ ճիշտ ժամանակին: Մեկ տարի առաջ ձեռք բերած սարքավորումներն արդեն չէին բավարարում:

Ալվան Սարգսյան (ձեռներեց) - Եվրամիության «ԼԻԴԵՐ» ծրագրի աջակցությամբ ստացանք 2-րդ պլիտան, էլեկտրական հացթուխ պլիտան և խմորի հասունացման ապարատը, որոնք արագություն տվեցին աշխատանքին: Քանակը 20 տոկոսով ավելացել է, տեսականին էլ ենք ավելացնելու:

Դիլիջանցի Ալվանի ընտանիքը բիզնեսով սկսել է զբաղվել անցյալ տարի՝ 44-օրյա պատերազմի օրերին, առաջին արտադրանքն էլ սահմանին ու տեղահանված արցախցիներին է հասցրել: Ասում է՝ հիմա հունի մեջ է ընկել և մտածում է մեկը երկու դարձնելու մասին: Նոր սարքերը տնտեսում են ժամանակը, երաշխավորում որակը:

Շուշանիկ Ղազարյան (հացթուխ) - Խմորը երեկոյան պատրաստում ենք, առաջ թողում էինք դարակների վրա, որը ավելի երկար ժամանակ էր խլում, էստեղ արագ հասունանում ա, ավելի որակյալ խմոր ենք ստանում:

Աջակցությունը փոխել է նաև Հաղարծին գյուղից ձեռներեց Նարեկ Հարությունյանի՝ 4 տարի առաջ հիմնած հացի և խմորեղենի արտադրամասի ռիթմն ու ծավալը՝ նոր աշխատատեղերի իրական հնարավորությամբ:

Նարեկ Հարությունյան (ձեռներեց) - Մեկ նոր վառարան, մեկ խմորհունց՝ 50 կգ-ոց, որը մեր արտադրողականությունը կբարձրացնի մինիմում 15 տոկոսով, հիմա ունենք 10 աշխատող, շուտով կավելանա ևս 2-ը:

Փոքր ձեռնարկատիրությանը հացամթերքի պատրաստման սարքավորումներով աջակցող այս ծրագրի շահառուները 15-ն են՝ Լոռու և Տավուշի մարզերից: Անցյալ տարի 2 մարզում Եվրամիության ֆինանսավորմամբ մեկնարկած՝ Գյուղական փոքր համայնքների տնտեսական զարգացման «ԼԻԴԵՐ» ծրագիրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում նաև այսկերպ ձեռք մեկնեց պատերազմից և համավարակից տուժած ձեռնարկատերերին:

Արմեն Տիրատուրյան (ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար) -  Բավական մեծ դիմումների շրջանակից փորձել ենք ընտրել լավագույն կազմակերպություններին, որոնց տրամադրման դեպքում աջակցությունը կունենա առավելագույն էֆեկտ՝ ծավալային առումով և աշխատատեղեր ստեղծելու առումով: Հիմնականում ըստ կարիքների է աջակցությունը տրամադրվում, և ամեն ձեռնարկատեր կարողացել է ստանալ իրեն անհրաժեշտ սարքավորումները:

Թեև ծրագիրն արդեն ավարտվել է, բայց «ԼԻԴԵՐ»-ի տեղական տնտեսական զարգացման ծրագրի մյուս փուլերում ևս հաջողակ ձեռներեցները կարող են ընդգրկվել՝ ասաց Արմեն Տիրատուրյանը:

Արմեն Տիրատուրյան - Կկարողանան ներգրավվել ծրագրի հետագա փուլերում ստեղծվելիք տեղական ակտիվ խմբերի մեջ, որպեսզի իրենց օրինակով և հաջողությամբ ոգեշնչեն տեղական գործընկերներին, և հետագայում նաև՝ օգնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում