Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը կաճի
Հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3 տոկոսով: Տվյալը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:
Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 13.6 տոկոս, այդ թվում արտահանումը՝ 16.9, ներմուծումը՝ 11.8 տոկոսով:
Առևտրի շրջանառությունն աճել է 7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 6.4:
5.9 տոկոսով էլ աճել է շինարարության ծավալը: Արդյունաբերական արտադրանքը աճել է 1.1 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է՝ 6.9, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.9 տոկոս:
Նվազել է միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.1 տոկոսով:
Վերջին 2 ամիսներին տնտեսական ակտիվության տեմպը որոշակիորեն դանդաղել է, իշխող ուժի պատգամավոր՝ Բաբկեն Թունյանը երկու պատճառ է նշում:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) -Մեկը հանքարդյունաբերությունն է, մյուս գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության մասով շատ բան չեմ կարող ասել, որովհետև մի քիչ ավելի սպեցիֆիկա ու անկեղծ ասած ինձ էլա դա ավելի շատ հետաքրքիր, ես էլ կուզեի մասնագետներին լսել, թե գյուղի մասով անկումը ինչով է պայմանավորված:
Հանքարդյունաբերության մասով մենք օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ունեցել ենք մասնավորապես՝ պղնձի և այլ մետաղների խտանյութերի արդյունահանման ռեալ նվազում:
Տնտեսագետները տնտեսական ակտիվության ներկայիս ցուցանիշը համարում են կայունության նշան:
Սոս Խաչիկյան (Տնտեսագետ) - Ճիշտն ասած կա որոշակի նվազման միտում, դա ակնհայտ է, բայց այն քաղաքականությունը որ կենտրոնական բանկը դրել էր հիմքում կայունություն պահպանվեց տնտեսական ակտիվության ոլորտում: Այդ կայունությունը ապահովվել է մեր ավանդական ճյուղերի հաշվին՝ շինարարություն, ծառայություններ, առևտրաշրջանառություն:
Այս պահին տնտեսությունը դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել համավարակի և պատերազմի հասցրած վնասներից: Մինչև տարեվերջ 4.3 տոկոս ցուցանիշը էական շեղումներ չի ունենա, սակայն Թունյանը հույս ունի, որ այն գոնե 5 տոկոս կլինի:
Բաբկեն Թունյան - Զրոյից ցածր ցանկացած ցուցանիշ դա նշանակումա վերականգնում, հարցը նրանումա, թե ինչ արագությամբա ընթանում էդ վերականգնումը: Եթե տարեսկզբին ավելի հոռետես էինք, գտնում էինք, որ կարողա 1-2 կամ ամենաշատը 3 տոկոս տնտեսական աճ լինի, տարվա ընթացքում մի քիչ ավելի լավատես գտնվեցինք, հիմա մի քիչ ավելի հետ ենք գալիս մեր նախնական կանխատեսումներից: Ու եթե անցած տարի մենք ունեցել ենք 7 տոկոս տնտեսական անկում, բնականաբար մինչև այս տարի 7 տոկոսից ավել տնտեսական աճ չեղավ մենք չենք կարող ասել, որ տնտեսությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Պատգամավորն ընդգծում է՝ տնտեսության զարգացման մասին պատկերացում կազմելու համար պետք է նկատի ունենալ իրական տնտեսական աճի ցուցանիշը:
Բաբկեն Թունյան - Երբ մենք խոսում ենք տնտեսական աճի մասին միշտ նկատի ունենք իրական տնտեսական աճը, որովհետև եթե դու խոսում ես անվանական տնտեսական աճի մասին, դա ոչ թե ցույց է տալիս քո տնտեսության զարգացումը այսինքն դու դրանով չես կարող պատկերացնել, թե ինչքան հավելյալ արդյունք է ստեղծվել: Որովհետև կարողա անվանական 10 տոկոս աճ ունենալ ու պարզվի, որ էդ աճը գներով էր պայմանավորված:
Տնտեսագետների կանխատեսմամբ ևս մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը կաճի:
Սոս Խաչիկյան - Պայմանավորված նրանով, որ այս ցուցանիշի մեջ մեծ դերակատարում ունի առևտրաշրջանառությունը, իսկ մենք գիտենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պայմանավորված տրանսֆերտների աճով որոշակի տրանսֆերտների ներհոսք կապահովվի և դրա շրջանակում գոնե առևտրաշրջանառության, առևտրի, ծառայությունների ոլորտի առումով մենք կունենանք որոշակի աճ:
Միայն հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.6 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան













