Պատերազմի դեմքը՝ կերպարվեստի լեզվով

ՄՄարի Կոստանյան

Պատերազմի օրերին Ալիկի պատրաստած մասուրով թեյն է, սա էլ նրա մարտական ընկերներն են: 44-օրյա պատերազմի մասնակից Սևադա Սարգսյանի հուշերը նկարներ են դարձել։ Նկարիչն առաջնագծում էսքիզներ է արել։ Վերադարձից հետո ստեղծել է «Դժոխքի ձոր» նկարաշարքը։ Այն նվիրում է հայ զինվորին։ 

Նկարիչը պատերազմ է գնացել՝ որպես զինվոր, սև ծխի մեջ ու արկերի ձայների տակ գույներ է տեսել։

Սևադա Սարգսան, նկարիչ, 44-օրյա պատերազմի մասնակից - Գտանք թուղթ ու գրիչ, փորձեցի գիշերը՝ նույնիսկ ավտոմատի կոթի վրա տպավորություններս արտահայտել՝ կոմպոզիացիայի տեսքով։ Այնտեղ նույնիսկ գրում էի՝ կրակ, լույս, զոհ, սև, էլի սև, սև, հարձակում: 

Զինվոր-նկարիչը գիտեր, թե ինչ տեսք է ունենալու, օրինակ, թղթի վրայի էսքիզը։ Այսօր այն ներկայացնում է համակարգչային գրաֆիկայի տեսքով։ Առաջնագծի թեյնիկը ցուցահանդեսի գլխավոր կերպարներից է, նկարիչը հիշում է, որ այն համախմբում էր դժվար պահերին, իսկ մասուրը վաղվա հավատն է։

Սևադա Սարգսան - Մեր մարտական ընկերներից Ալիկը, երբ նոր էինք գնացել, ասում էր՝ մասուր հավաքեք՝ տղերք։ Չգիտենք, թե ինչքան ենք մնալու այնտեղ՝ մեկ տարի, երկու տարի։ Յուրաքանչյուրիս գրպանում մասուր կար:

Նկարչի հիշողություններն սկսվում են ռազմի դաշտ մեկնելու ճանապարհից, խոսել է կնոջ հետ ու անջատել հեռախոսը։

Սևադա Սարգսան - Այս ընթացքում կինս ոչ մի բան չէր ասել։ Միայն այդ ժամանակ ասաց՝ ես հպարտանում եմ քեզնով։ Ես ավելի ուժեղացա։ Ես անջատեցի այս ամեն ինչն ու գնացի՝ հայրենիքի համար զոհվելու:

Այս ցուցահանդեսին պատրաստվել է 1 տարի։ Նկարներում այդ օրերի ամենատպավորիչ պահերն են, զինվորի կամքը, այդ օրվա հաղթանակը, իրենց կողքին միշտ կանգնած հրամանատարը։ Նկարչի խոսքով՝ կերպարվեստի լեզուն ամենահասկանալին է։ Երևում է պատերազմի դեմքը։

Նկարներում գերակշռող կարմիրը նաև հավատն է, պայքարը։ Այս կաղնու տակ էին պատսպարվել։ Ադրբեջանի կողմից կիրառված արգելված զինատեսակներից անտառն այրվել էր։ 

Սևադա Սարգսան - Ինչպես որ այնտեղ համոզված էի, որ այս ցուցահանդեսը կլինի, այնպես ես հիմա վստահ եմ, որ մենք այդ ծառն անպայման խնամելու և ջրելու ենք:

Նկարիչը երազում է իր աշխատանքները ցուցադրել նաև Ստեփանակերտում։ 

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում