Արտակ Բեգլարյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների, հայկական կազմակերպությունների հետ

ՀՀայկարամ Նահապետյան

44օրյա պատերազմից հետո Արցախյան առաջին բարձրաստիճան պատվիրակությունն է Միացյալ Նահանգներում։ Պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքային խորհրդակցություններն ամերիկահայ լոբբիստական խմբերի, համայնքային գործիչների, կոնգրեսականների, իրավապաշտպանների հետ միայն նպաստում են ամերիկյան մայրաքաղաքում ավելի համակարգված աշխատանքի կազմակերպմանը։ Պատահական էր, թե ոչ, բայց ճիշտ այս օրերին մեր լոբբին նոր ուժերով իրար հաջորդող օրինագծեր առաջադրեց կոգնգրեսում։

Արտակ Բեգլարյան (Արցախի պետնախարար) - «2020թ-ի 44օրյա պատերազմի մեկտարին, այո, լրանում է։ Եւ մեկ տարին նաև հոգեբանական է և կորուստների, դժբախտությունների, սգի տեսանկյունից, և նաև որոշակի ողջամիտ ժամկետ է հստակ վերականգնողական աշխատանքի համար։ Եւ միանշանակ կարող ենք ասել, որ մտնում են հոգեբանական և նաև նյութական վերականգնման հաջորդ փուլ»:

Արևմտյան ափին հանդիպումներն ավարտելուց հետո Արցախի պետնախարարը Վաշիգտոնում է։ Սկզբիւմ Հայաստանի դեսպանատանը ապա մեր լոբբիստական խմբերի հետ շփումները զուտ կարծիքների փոխանակում չեն, Արցախին վերաբերող մեծ թվով իրավաքաղաքական հարցեր են քննարկվել։

Եղիսաբեթ Չուլջյան (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու) - «Չափազանց կարևոր է, որ պետնախարար Բեգլարյանը հոս Վաշինգտոն ըլլայ, Ամերիկայի մեջ ըլլայ, և այս կարևոր հանդիպումները ունենա քաղաքական ղեկավարներու հետ` ըլլայ կոնգրեսականներու հետ, ըլլայ արտգործնախախրության հետ։ Անձամբ ներկայացնելու այս ճգնաժամային հարցերը այս ղեկավարներուն հետ»:

Մեր լոբբիստները շեշտում էին 907-րդ բանաձևն ամրագրելու հարցը։ Դեռ 1992թ-ին հաստատված ու այն ժամանակ նախագահ Բուշ ավագի ստորագրած 907ն արգելում է ուղղակի ամերիկյան օժանդակությունն Ադրբեջանին։ 2000ականների սկզբին այս դրույթը կասեցրեց Բուշ կրտսերը՝ պատճառաբանությամբ, որ Ադրբեջանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին Աֆղանստանում։ Բայց հիմա Աֆղաստանում ամերիկյան գործողություններն ավարտվել են, նկատեցին կողմերը քննարկման ժամանակ։

Եղիսաբեթ Չուլջյան - «Նախ և առաջ կասեցնելու ամերիկյան ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան և հզորացնելու թիվ 907 օրենքը, որուն հիման վրա պետք չէ որևէ մեկ օժանդակություն երթա դեպի Ադրբեջան»։

Նույն օրերին Բոբ Մենենդեսը Սենատում առաջ քաշեց օրինագիծ, որով Միացյալ Նահանգների նախագահն այլևս չի կարող կասեցնել 907 բանաձևը։ Հաստատվելու դեպքում, մոտ 20 տարի չգործելուց հետո 907ը նորից կարող է օրենքի ուժ ստանալ։ Մեկ այլ նախաձեռնությամբ ամրագրվում է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին։

Արցախի Հանրապետության, Ադրբեջանի, Թուրքիայի մասով հարցեր քննարկվեցին կոնգրեսականների հետ։ Հայ ռազմագերիների հարցը Ֆրենք Փալլոնի, Հայկական ծագումով Աննա Էշուի և հայաշատ Ֆրեզնոյից Ջիմ Կոստայի հետ հանդիպումների առանցքում էր։ Վերջինս երկու հայազգի աշխատող է ընդունել՝ մեր թեման ուշադրության առանցքում պահելու համար։

Ջիմ Կոստա (ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Կալիֆոռնիա) - «Կարևոր է առաջին ձեռքից իմանալ այն դժվարությունների մասին, որոնց Արցախի ժողովուրդն այսօր բախվում է։ Ադրբեջանը չի հարգում իր պարտավորությունները և Կոնգրեսում մեր խումբն ու ես ամեն ինչ անելու ենք այդ հարցերն ամերիկյան օրակարգում առաջ մղելու համար։

Լիլիթ Մակունց (ԱՄՆում ՀՀ դեսպան) - «Այսօր այստեղ է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Շանթը, ով էստեղ բուժման նպատակով է։ Վիրահատվել է և հույս ունենք, որ շատ կարճ ժամանակ անց կկարողանա վերականգնել իր տեսողությունը»։

Հայաստանի դեստպանատանը պետնախարարի և պատերազմի հայ վետերանի հանդիպումը հուզիչ էր։

Արտակ Բեգլարյանն ու իր խորհրդականը պատասխանեցին հարցերի։ Շոկից հետո հասարակությունները սովորաբար երկու ճանապարհ են ունենում՝ կամ փոխադարձ մեղադրանքներով գնալ ինքնակործանման ուղով, կամ արթնանալ՝ ընտրելով ուժերի մեկտեղման զարգացման ուղին, նշեց պետնախարարի խորհրդականը։

Դավիթ Հակոբյան (Արցախի պետնախարարի խորհրդական) - «Մյուս ճանապարհը՝ անգլերեն ասում են wake up call։ Այսինքն շոկից դուրս գալու ճանապարհ է, որը մենք բոլորս միավորվում ենք, փորձում լուծումներ գտնենք»։

Այցելություն Կոնգրեսի գրադարան, Չեթեմ հաուսի սկզբունքով քննարկում Վաշինգտոնի առանցքային վերլուծական կառույցներից մեկում, և հանդիպումներ Միջազգային Քրիստոնեական հոգատարություն կառույցում։ Նախորդ տարվանից Արցախյան հակամարտությունը դարձրել է կառույցի ուշադրության հիմնական ուղղություններից մեկը։ Գարնանը փաստահավաք խումբ էին ուղարկել, հումանիտար օգնությունը պարբերական բնույթ է ստացել։ Կառույցի ղեկավար Ջեֆ Քինգը հարցազրույց վերցրեց պետնախարարից՝ իրենց առցանց ալիքի համար։

Ջեֆֆ Քինգ (Միջազգային քրիստոնեական հոգատարություն կազմապերպության նախագահ) - «Արցախյան հակամարտությանը հետևում ենք մոտիկից ու աշխատում իրազեկել ամերիկյան և Արևմտյան այն շրջանակներին, որոնք չգիտեն հակամարտության մասին, չգիտեն՝ ով է իրական զոհը։ Պետնախարարը հատկապես խորքային ներկայացրեց հակամարտության լայն պատկերը, զուգահեռները 1915թ. ցեղասպանության հետ։ Պետք է ճիշտ ընկալել հակամարտության էությունը, որի հիմքում, իմ կարծիքով, արմատական իսլամի և թուքական էքսպանսիայի տարրեր կան»։

Արտակ Բեգլարյան - «Իհարկե հաճելի և արդյունավետ էր նաև Հայաստանի դեստպանատանը հանդիպում ունենալ տեղի համայնքի հետ, հանդիպումներ ունենալ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ և լոբբիստական խմբերի՝ Հայ Դատի և ԱՄՆ Հայկական Համագումարի հետ։ Նրանց հետ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի կարողանանք համադրել բոլորիս ջանքերը Արցախի և արցախցիների իրավունքների երկարաժամկետ պաշտպանության գործում։ Համայնքային շրջանակների հետ հանդիպումներն իմ այցի ամենակարևոր ուղղություններից մեկն է»։

Արտակ Բեգլարյանի աշխատանքային շփումները շարունակվեցին Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Մասաչուսեթսում։ Ի դեպ, վերջին երկուսն Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչած նահանգներից են։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում