Խոշոր հարկատուները 2021-ի 9 ամսում 10 տոկոսով շատ հարկ են վճարել, քան 2020-ի նույն ժամանակահատվածում

ԱԱրսեն Մկրտչյան

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի 9 ամսվա տվյալով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատուները միասին վճարել են 871 մլրդ 241 մլն 936 հազար դրամ հարկեր և տուրքեր, ինչը 78 մլրդ 917 մլն 581 հազար դրամով կամ շուրջ 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Պետական եկամուտների կոմիտեում այդ աճը պայմանավորում են հիմնականում տնտեսության աշխուժությամբ և հարկային վարչարարարության բարելավմամբ:

Զառա Մելքումովա, ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ - Մենք այս տարի 9 ամսվա տվյալով ունենք և՛ գործարքների քանակի, և՛ շրջանառության աճ: Դա նշանակում է, որ տնտեսությունում գեներացվում են լրացուցիչ հարկեր, որի մասով հարկ վճարողները կատարում են համապատասխան վճարումներ:

Կոմիտեից միևնույն ժամանակ նշում են, որ հարկային վարչարարությունն իրականացվում է, առաջին հերթին, վերլուծական գործիքակազմի կիրառմամբ և ոչ թե հսկողական աշխատանքներով:

Զառա Մելքումովա - ՊԵԿ-ը միտված է վերլուծական, թիրախային վերլուծություններով հարկ վճարողներին ուղղորդելու, ծանուցելու միջոցով բացատրելու, թե որտեղ է այս կամ այն հարկ վճարողը թերացել իր հարկերը հայտարարագրելու գործում: Այսինքն՝ հսկողական միջոցառումների դիմում ենք այն դեպքերում, երբ վերլուծական գործիքակազմն իրեն արդեն սպառած է լինում:

Նախորդ 9 ամիսների համեմատ՝ առաջին հնգյակում միայն տեղային փոփոխություններ են եղել: Առաջին տեղում է «Գազպրոմ Արմենիան»՝ վճարած ավելի քան 38 մլրդ 266 մլն դրամ հարկերով: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 38 մլրդ 249 մլն դրամով: Երրորդ տեղում է Պաշտպանության նախարարության աշխատակազմը՝ վճարած 34 մլրդ 194 մլն դրամով: Նախորդ տարվա առաջին 9 ամիսների առաջատար «Գրանդ Տոբակոն» 4-րդն է՝ վճարած 24 մլրդ 774 մլն դրամ հարկերով: Հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդը»՝ 16 մլրդ 415 մլն դրամ հարկերով:

Տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ խոշոր հարկատուների վճարած հարկերի աճը մեծ մասամբ պայմանավորված է ստվերի կրճատմամբ:

Եղիշե Սողոմոնյան, տնտեսագետ - Հնարավոր է՝ տնտեսական լավ միջավայրի պայմաններում բիզնեսի վիճակը լավացել է, բայց հիմնական մասը, կարծում եմ, դա ստվերի կրճատումն է: Քանի որ նախկինում խոշոր բիզնեսն իր հետևում ուներ հովանավորչություն, հիմա այդ հովանավորչությունը չի զգում, չունի, և միակ փրկությունն իր կողմից վճարած հարկերն են:

Մասնագետների գնահատմամբ՝ հարկային եկամուտներն ավելի առաջանցիկ տեմպերով են աճում, քան տնտեսությունը, ինչը դրական է անդրադառնում բյուջեի մուտքերի վրա:

Եղիշե Սողոմոնյան - Եթե միջինացնենք, ապա ինչքան տնտեսական աճ ունենք, այդքան պիտի հարկային եկամուտների աճ տեղի ունենա, բայց երբ համեմատում ենք 17 թվականը, 17 թվականից հետո, այսինքն 18-ից մինչև 20 թվականն ու 21 թվականին պլանավորված ցուցանիշները, որ նախատեսվում է, տեսնում ենք, որ հարկային եկամուտներն աճել են 50 տոկոսից ավելին:

Խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները ներկայացնում են բոլոր ոլորտները. այս առումով ՊԵԿ պաշտոնյան առանձնացրեց ավելի առաջանցիկ աճ արձանագրած ուղղությունները:

Զառա Մելքումովա - Եթե դիտարկենք ոլորտներով աճ՝ կարող ենք առանձնացնել զբոսաշրջությունը, բանկային ոլորտը, ֆինանսականը, տեղեկատվությունը և կապը: Այդ թվում նաև արտադրություն ունենք, առևտրի ոլորտում աճ ունենք, հանրային սննդի ոլորտում ևս: Այսինքն՝ աճի միտում նկատվում է տնտեսության հիմնական բոլոր ոլորտներում:

2021-ի հունվար-սեպտեմբերին ՊԵԿ-ն, ընդհանուր առմամբ, հավաքագրել է 1 տրլն 137 մլրդ դրամ. 1000 խոշոր հարկատուներն ապահովել են այդ մուտքերի 76.6 տոկոսը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում