Թուրքական ապրանքի տեղը ՀՀ շուկայում կարող են լրացնել ԵԱՏՄ արտադրողները

ԱԱրսեն Մկրտչյան

Թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքից հետո Կառավարությունը դիմել էր Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, որպեսզի նրանք այլընտրանք առաջարկեն: Մոտ 2350 անուն ապրանք տեղադրվել է ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակում: Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ ԵԱՏՄ որոշ արտադրողներ արդեն արձագանքել են: Ներմուծման համար լոգիստիկ առումով ամենամոտիկ և հասանելի շուկան է սա՝ ի դեմս Ռուսաստանի՝ ընդգծում է Սիմոնյանը:

Վարոս Սիմոնյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Երրորդ երկրներից մենք ունենք ներմուծումներ և մենք ունենք որոշակի հզորություններ և կարող ենք էդ հզորությունների հաշվին ստեղծել տեղական արտադրություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում և ապահովենք ներմուծման փոխարինելիությունը:

2021 թվականի հունվարի 1-ից 6 ամսով, ապա հունիսի վերջին՝ ևս 6 ամսով Կառավարությունն արգելել էր թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծումը Հայաստան:

Ըստ տնտեսագետների՝ այն ապրանքները, որոնք ներմուծվում էին Թուրքիայից, այլընտրանք ունեցել են, ու դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ ներմուծման ծավալներն աճել են, իսկ կոնկրետ Թուրքիայից ներմուծումը՝ նվազել:

Արտակ Մանուկյան (տնտեսագետ) - Արդեն իսկ 6 ամսվա տվյալները նաև մաքսային վիճակագրության ամփոփվել են, որը խոսում է նրա մասին, որ շուրջ 3 անգամ Թուրքիայից ներմուծումը նվազել է: 2021 թ. առաջին կիսամյակում մոտ 28.5 մլն դոլարի ապրանք է ներմուծվել, էն պարագայում, երբ 2020 թ. առաջին կիսամյակում, ըստ էության, դրա ծավալը կազմում է շուրջ 98 մլն դոլար:

Կան հումքեր, որոնք ոչ միայն Հայաստանն է Թուրքիայից ներմուծում, այլև հենց ԵԱՏՄ անդամ երկրները, և այդ առումով այլընտրանք գտնելը մի փոքր ավելի երկար ժամանակ կպահանջի՝ կարծում է Արտակ Մանուկյանը:

Արտակ Մանուկյան - Եթե կոոպերացիոն հանգամանքներով մենք փորձում ենք ներմուծման փոխարինումը, որը նաև Ռուսաստանի Դաշնությունը որպես պետական քաղաքականություն խթանում է, և մենք փորձենք էս համատեքստում ավելի գործընկերային ոգին և տնտեսական բաղադրիչը շեշտադրենք և ծածկենք այս ԵԱՏՄ շուկան, կարծում եմ, որ այս առումով բավականաչափ մեծ հնարավորություններով այլընտրանք է բացվում՝ հատկապես հայ արտադրողների ու նաև ԵԱՏՄ արտադրողների համար:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր շուկան և թուրքական ապրանքների արգելքի պայմաններում այլ տարբերակներ գտնի թե՛ ԵԱՏՄ տարածքում, թե՛ հենց ներսում արտադրություն հիմնելով:

Արտակ Մանուկյան - Մենք կարճաժամկետ առումով կարող է որոշակի գնաճային ճնշումներ ունենանք, բայց երկարաժամկետ հատվածում ակնհայտ է, որ էն ապրանքները, որոնք արտադրվում են հայ արտադրողի կողմից և հատկապես մրցակցային են, այսինքն՝ մի քանի արտադրողներ ունենք, սրանք երկարաժամկետում նպաստում են նաև գնաճային ճնշումների մեղմմանը:

Եվրասիական տնտեսական միության անդամները ևս պատրաստ են աջակցելու հայ արտադրողներին:

Վարոս Սիմոնյան - ԵԱՏՄ մեր գործընկերները և հանձնաժողովը նույնպես միշտ պատրաստ են ցանկացած, եթե մեր բիզնեսի ներկայացուցիչները ուզում են գործընկեր գտնել կամ կոնկրետ էդ ապրանքատեսակի մասով չի ստացվում, մենք պատրաստ ենք իրենց օժանդակել համապատասխան կառույցների միջոցով:

Նախորդ տարիներին Հայաստանի ներմուծման ծավալներում թուրքական ապրանքները 5 տոկոսից ավելի էին, սակայն ներկայում, երբ միայն հումք է ներմուծվում, դրանք 1-2 տոկոսի շրջանակում են:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում