Ատոմակայանը կրկին կշահագործվի 1-2 օրից. նոր ատոմակայանի կառուցման ուսումնասիրությունն սկսված է

ԱԱրևիկ Աբելյան

Հայկական ատոմային էլեկտրակայանում դեռևս մայիսի 15-ին մեկնարկած նորոգման պլանային աշխատանքները դեռ չեն ավարտվել, չնայած վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն էր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հավաստմամբ՝ տեխնիկական կարգավորման փուլում են, որից հետո արդիականացված և շահագործման ժամկետը երկարաձգված երկրորդ էներգաբլոկը կրկին կաշխատի:

Հակոբ Վարդանյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ - Մի փոքր ձգձգվել են աշխատանքները, որովհետև միշտ չէ, որ պլանավորվածին համապատասխան է գնում աշխատանքների ընթացքը: Ընթանում է փորձարկումների փուլը, հաջող փորձարկումներից հետո միջուկային անվտանգության կոմիտեն, կարծում եմ, կտա ցանցին միանալու թույլտվություն, և ատոմակայանը նորից կգործարկվի ու կմիանա ցանցին:

Եթե փորձարկումների փուլը պլանավորվածի պես ընթանա, հոկտեմբերի 13-ին կամ 14-ին ատոմակայանը կշահագործվի՝ նշում է փոխնախարարը: Ըստ նրա՝ ատոմակայանի կանգառի ժամանակ խնդիրներ եղել են, բայց դրանք հաղթահարելի էին:

Հակոբ Վարդանյան - Մեր սպառողները չեն զգացել որևէ լուրջ խնդիր: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ օրինակ՝ մայիսից մինչև հիմա որևէ սպառող կարող է ասել իր մոտ էներգամատակարարումը խիստ տարբերվել է մինչ այդ կամ դրանից հետո ունեցածից:

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին: Այդ ժամանակ Հայաստանը ձեռնարկեց ատոմակայանի աշխատանքի երկարաձգման գործընթաց: Այս նորոգման արդյունքում Մեծամորի ատոմակայանը հնարավոր կլինի շահագործել մինչև 2026 թվականը:

Հակոբ Վարդանյան - Նախկինում հայտարարություն եղել է մինչև 2036 թվականը, դա նախնական գնահատական էր: Երբ կլինեն տեխնիկական ուսումնասիրության արդյունքները, վերջնական պարզ կլինի, թե ինչքան կարող է աշխատել:

Կառավարությունը քաղաքական որոշում ունի նոր ատոմակայան կառուցելու և այն նաև նախանշված է էլեկտրաէներգետիկ համակարգի 2021-40 թվականների ռազմավարության մեջ: Բացի այդ, նոր ատոմակայի կառուցման հնարավորությունը քննարկվեց նաև հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Գեոպրոմայնինգ» ընկերության խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի հանդիպման ժամանակ: Տրոցենկոյի ընկերությունը Հայաստանում մի քանի խոշոր հանք է շահագործում, վերջերս էլ ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսն ու դրա մեկ քառորդը, որը կոմբինատի կապիտալի 15 տոկոսն է՝ նվիրեց կառավարությանը:

Հակոբ Վարդանյան - Ուսումնասիրություններն արդեն իսկ սկսված են, գործընկեր կազմակերպությունների հետ քննարկումներ իրականացվում են տարբեր մակարդակներով: Նոր ատոմակայան կառուցելու համար 8-10 տարի է նախանշվում, սակայն մեր պարագայում դա կարող է տևել շատ ավելի կարճ, որովհետև մենք ունենք համապատասխան մասնագետներ, շահագործման և կառուցման փորձառություն: Միգուցե դա հնարավոր լինի իրականացնել 6 տարվա կամ 6-8 տարվա ընթացքում:

2016 թվականից ի վեր ատոմակայանի նորոգման գործընթացի վրա ծախսվել է շուրջ 240 մլն դոլար՝ ռուսական վարկի հաշվին և պետբյուջեի հատկացումներով:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում