Վանաձորի թատրոնն ազդարարեց 90-րդ հոբելյանական թատերաշրջանը

ԳԳայանե Թամամյան

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում պրեմիերա է. 90-րդ հոբելյանական թատերաշրջանը մեկնարկում է Դերենիկ Դեմիրճյանի՝ «Երկիր հայրենի» ներկայացմամբ. ռեժիսորը Վահե Շահվերդյանն է:

Էդգար Քոչարյան, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան - Զարմանալիորեն այսօրվա մասին է ներկայացումը: Կարծես հայ ազգը, ֆենոմենալ երևույթ է, խելահեղ շրջապտույտի մեջ է մտել, որից ելք չկա: Ամեն անգամ նրա ճակատագիրը կրկնվում է, ամեն անգամ նույն բանը:

Ներկայացման դերակատարները հիմնականում աբելյանցիներն են: Գագիկ թագավորին մարմնավորելու համար Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնից հրավիրվել է դերասան Վարդան Գևորգյանը: Նա խոստովանում է՝ վանաձորցի հանդիսատեսի ծափերին արժանանալու համար շատ ջանք է պահանջվում:

Վարդան Գևորգյան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան - Հատկապես Վանաձորի հանդիսատեսը չափազանց շռայլ է, չափազանց նրբանկատ ու չափազանց խիստ:

Լոռու մարզպետը կարծում է, որ ներկայացումը մեծ ասելիք ունի, միասնականության և համախմբման կոչ է:

Արամ խաչատրյան, Լոռու մարզպետ - Իսկապես շատ մեծ տպավորություն ստացա ներկայացումից, շատ պրոֆեսիոնալ ձևով էին խաղում մեր դերասանները: Նաև սա ուսուցողական էր, մենք պետք է միասնական լինենք և դասեր քաղենք անցյալից:

Թատրոնի անձնակազմը խոստանում է՝ հոբելյանական թատերաշրջանը լինելու է գերհագեցած և անակնկալներով լի: Եվս մեկ ուրախալի լուր. օրեր  առաջ աբելյանցի Արամ Մխիթարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Արամ Մխիթարյան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ - Շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար, իմ երկար տարիների աշխատանքի, իմ ձեռքբերումների համար: Սպասում եմ ժողովրդականին:

Թատերական Լոռի փառատոնն այս տարի նվիրված է լինելու թատրոնի 90-ամյա հոբելյանին:

Լուսինե Սահակյան, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն- Շատ հաճելի է, շատ ուրախ ենք, որ կարողանալու ենք ոչ վանաձորցի, բայց լոռեցի մեր հանդիսատեսին նույնպես ներկայացնել Անուշը:

90-ամյա հոբելյանը նշանավորվում է նաև արծաթե հուշամեդալի թողարկմամբ՝ առաջին անգամ թատրոնի պատմության մեջ: Վանաձորի թատրոնն առաջիկայում 3 պրեմիերայով հանդես կգա նաև Երևանում:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում