Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ԱԱնուշ Մուրադյան

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Սասուն Խաչատրյանն այսօրվանից նոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախարարական կաբինետին ներկայացրեց մրցույթի արդյունքը՝ առաջադրված երեք թեկնածուից ամենաբարձր միավորը հավաքել է հենց Խաչատրյանը:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Առաջարկվել է ՀՔԾ պետի թեկնածությունը, խնդրում եմ հաստատել:

ՀՔԾ պետի պաշտոնը Խաչատրյանը զբաղեցնում է 2018-ի հունիսից: Հիմա՝ միասնական նոր մարմնի ստեղծմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի: Նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահ է՝ մասնագիտական կառույցի գոյությունն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ու քննությունը: Օրենքով քննչական մարմինը նաև օպերատիվ-հետախուզական գործառույթ կստանա՝ սա էլ շեշտեց Խաչատրյանը, մանրամասնեց ձևավորման ժամկետները:

Սասուն Խաչատրյան (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ) - Կսկսի գործել առավելագույնը մեկ ամիս և 6 օր անց: Ամբողջությամբ այդ ընթացքում դեռևս չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի: Իսկ ամբողջական կսկսի գործել եկող տարվա սկզբից:

Խաչատրյանի թեկնածությունը դրվեց քվեարկության, նախարարական կաբինետը միաձայն ընդունեց որոշումը:

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ ԵՎՍ 357 ՄԼՆ ԴՐԱՄ

Օրակարգային մյուս հարցով գործադիրը 357 մլն դրամ հատկացրեց 4 մարզում 15 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար: Տարածքային կառավարման նախարարի խոսքով՝ դրանցից 5-ը քննարկվել ու հաստատվել էին դեռ 2020-ին, մնացած 10-ն էլ՝ այս տարի:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 15 ծրագրերն իրականացվել են համայնքների բյուջեների հաշվին, և ներկայումս պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Սանոսյանը նաև մանրամասնեց՝ ծրագրերից 3-ը Արմավիրի մարզում են, 4-ը՝ Գեղարքունիքում, 5-ը՝ Կոտայքում, 3-ն էլ՝ Լոռիում: 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԵՑԻՆ

Զեկուցվող վերջին հարցով էլ նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց բարձրացնել օլիմպիական մեդալակիրների, մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրումների չափը:

Օլիմպիական արծաթակիրներն էլ կստանան 20 միլիոն՝ 15-ի փոխարեն, բրոնզ նվաճած մարզիկներն էլ՝ 15 միլիոն դրամ՝ 10-ի փոխարեն: Կավելանան նաև նրանց անձնական, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչների ու մեծահասակների թիմի բժիշկների պարգևատրումները:

ԱՄԱՆՈՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Օրակարգի 68 հարցից զեկուցվող էին ընդամենն այս երեքը, չզեկուցվողների շարքում գործադիրն այսօր հաստատեց ու խորհրդարան ուղարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կրճատել Նոր տարվա արձակուրդային օրերը: Ոչ աշխատանքային թողնել միայն՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը: Քերոբյանի գլխավորած գերատեսչությունում հաշվարկել են, որ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն աշխատանքային դարձնելով՝ երկրում ՀՆԱ-ն կավելանա 88.6 մլրդ դրամով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում