Հայկական չիրն ու թեյը պահանջված են միջազգային շուկայում

ԳԳոհար Սարգսյան

Առանց շաքարային հավելումների, առողջարար ու օգտակար․ տնայնագործական չրագործությունը բիզնեսի վերածելու գաղափարը Հովիկի մեջ առաջացավ դրսում ապրող ծանոթ-բարեկամների առաջարկով։

Հովիկ Գրիգորյան («Վեբ Քէյ Էմ» ՍՊԸ տնօրեն) - Մեր դրսի հայրենակիցներն ինձ զանգում էին՝ կլինի՞ մեզ չիր ուղարկեք: Մենք պատրաստում էինք մեր տնականը ու հետո հասկացանք, որ կարելի է բիզնես նպատակով այս գործունեությունը ծավալել։ Սկզբնական շրջանում շատ փոքր էր։ Կարճ ժամանակ անց նոր արտադրանք սկսեցինք թողարկել։ Հայկական քաղցրահամ չորամրգերից ու անուշաբույր խոտաբույսերից պատրաստված թեյերը անտարբեր չեն թողնում ոչ մեկին։

Հովիկ Գրիգորյան - 7 տեսակի են մեր թեյերը։

Արևը թեյի սիրահարներին ներկայանում է յուրահատուկ համային համադրությամբ՝ սալորաչիրը բերգամոտով, խնձորը մեխակով ու չիչխանով, իսկ ազնվամորին, դեղձը և ծիրանը՝ կանաչ թեյով։ Վաճառքն իրականացվում է տեղական և միջազգային շուկաներում։

Հովիկ Գրիգորյան - Թույլտվություններ ստացանք Ամերիկայի շուկայի համար, Եվրոպայի շուկայի համար, ինչպես նաև ԵԱՍՍ սերտիֆիկատ ունենք: 

Զբաղվում են պտուղների մշակմամբ, միաժամանակ իրացման խնդիրը լուծելու նպատակով հումքը ձեռք են բերում Արմավիրի և Արագածոտնի մարզերի արտադրողներից: Անգամ պատերազմի օրերին աջակցեցին հեռավոր մարզերի բնակիչներին:

Հովիկ Գրիգորյան - Եղեգնաձորի Քարագլուխ գյուղը ավելուկի առումով հայտնի գյուղ է, այնտեղից ձեռք բերեցինք ավելուկները, բերեցինք մեր արտադրամաս, փաթեթավորեցինք ու Հայաստանի և Արցախի դրոշով արտահանեցինք ԱՄՆ։

Արտադրությունը հիմնվել է սեփական միջոցներով, սական բիզնեսին աջակցել են նաև Համաշխարհային բանկը և Էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագրով ձեռք է բերել չորացման սարքավորումներ։

Աշնանը պատրաստվում են ազնվամորին ու չիչխանը չորացնել այս սարքավորումներով։

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում