Փոքր թատրոնի ներառական պարի խմբակը կոտրում է կարծրատիպերը

ԳԳայանե Թամամյան

Աշխարհ՝ առանց կարծրատիպերի: Փոքր թատրոնում 2013 թվականից գործում է ներառական պարային խմբակ: Մասնակիցների ընտրությունը, նրանց հետ վարպետաց դասերի անցկացումը տևել է մոտ մեկ տարի, հիմա խմբում 9 մասնակից կա՝ 4 հաշմանդամություն ունեցող և 5 պրոֆեսիոնալ պարողներ:

Վահան Բադալյան, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար - Սկզբում, ինչպես ցանկացած գործ, որը կապված է հաշմանդամության հետ, կարծրատիպերի հետ էր կապված: Մարդիկ թերահավատորեն էին մոտենում այդ հարցին, բայց տարիներն ու մեր փորձը ցույց տվեցին, որ հենց նմանատիպ աշխատանքի շնորհիվ կարող ենք հասարակությունում այդ ներառականությանը վերաբերող խնդիրներին այլ տեսանկյունից նայել:

7 տարում պարային խումբը հասցրել է ներկայացումներով լինել Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում: Մասնակիցներից շատերն առաջին անգամ ճամփորդության են մեկնել հենց Փոքր թատրոնի հետ՝ ասում է գեղարվեստական ղեկավարը:

Վահան Բադալյան - Պրեմիերայից հետո, երբ առաջին անգամ գնացինք ակումբ՝ նշելու, տարօրինակ լռություն տիրեց: Երբ մենք մտանք սրահ, բոլորի զարմացած հայացքները... Անցավ 10 րոպե, պարահրապարակը լցվեց, սկսեցին շփվել, միմյանց հյուրասիրել:

Մհերը չնայած երկար ժամանակ պարում է, բայց ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ լարվում է, համոզված է՝ թատրոնը բոլորովին այլ կյանք է, որտեղ միշտ սովորելու բան կա:

Մհեր Զալինյան, ներառական պարային խմբակի անդամ - Թատրոնը, առաջին հերթին, լավ ընկերներ է տվել, երկրորդը՝  նոր բան ես սովորում, ինքդ քեզ ես բացահայտում:

Փոքր թատրոնում գրեթե ամեն օր փորձեր են՝ պարային խումբն աշխատում է նոր ներկայացման վրա, որը սեպտեմբերին կհանձնի հանդիսատեսի դատին: 

Վահան Բադալյան - Յուրաքանչյուր ներկայացումից հետո հարցնում են՝ ինչպես կարող են միանալ, և մենք որոշեցինք՝ հասել ենք այն մակարդակին, որ շատ շուտով կրթական կենտրոն կբացենք, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդիկ կատարողական արվեստներում կկարողանան իրենց դրսևորել:

Բադալյանը վստահ է՝ եթե նման նախագծերը շատ լինեն, հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, կվերանան բոլոր կարծրատիպերը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում