Խնածախում վերաբնակեցվել է 53 տեղահանված ընտանիք

ՆՆարեկ Սահակյան

Ասֆալտապատ ճանապարհն Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղ է տանում: 44-օրյա պատերազմից հետո համայնքը 53 տեղահանված ընտանիք է ընդունել: Միրզոյանները Թաղավարդի օկուպացված հատվածից են: Ասում են՝ իրենց այստեղ լավ են ընդունել:

Իրինա Միրզոյան (տեղահանված) - Ասացին՝ ինչպես ուզում եք, ինչքան ուզում եք կմնաք: Մենք ձեզ չենք ասի դուրս եկեք, մինչև ձեզ չտեղավորեն:

Խնածախում վերաբնակներին ընդունել են ժամանակավոր: Տներն ազատ են, բայց ոչ տիրազուրկ: Ի սկզբանե համայնքի ղեկավարն ու ավագանին իրենց դիրքորոշումն են հայտնել՝ ոչ մի բառ բնակվարձի մասին:

Մհեր Նիկողոսյան (Արցախի Խնածախ համայնքի ղեկավար) - Խորհրդակցություն ենք անցկացրել, որ ոչ մի մարդ, ոչ մի տանտեր եկածի հետ վարձի մասին խոսք չբացի, անհարմար վիճակի մեջ չգցի, առանց այն էլ գտնվում են շատ վատ վիճակում: Եվ այդպես էլ ընթացել է կարգը:

Բնակվարձը տանտերերին տրամադրում է Արցախի կառավարությունը կամ փոխարենը կենցաղային բավարար պայմաններ ստեղծում վարձակալված տներում:

Մհեր Նիկողոսյան - Պապական տներ են, բացակայում են առանձին խոհանոցը, բաղնիքը, զուգարանը, կոյուղին: Այն ժամանակ դրանք պետք չէին, հիմա դրանք անհրաժեշտություն են, որ պետք է ունենանք:

20 օր հետո Մեծ Թաղերից տեղահանված Խանփերյանները կապրեն հարմար պայմաններում: Եթե տունը վաճառվի, պատրաստ են հաստատվել Խնածախում: Մինչ այդ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորմամբ ընտանիքի համար խոհանոց ու սանհանգույց են կառուցում:

Վիլեն Համբարձումյան (շինարար) - Ինչ անում ենք, պետք է որակով անենք: Անորակ շինարարություն պետք չէ: Ինչ վերաբերում է ժամանակին, ապա դա ցույց է տալիս աշխատանքի ծավալը, թե ինչ ժամանակում կարող ենք դա անել:

Խնածախում հաստատվելու ցանկություն նաև Հակակու գյուղից տեղահանված Հայրապետյան և Աղաջանյան ընտանիքներն ունեն: 8 հոգով այժմ ապրում են միասին, խնամիներ են:

Մանուշակ Աղաջանյան (տեղահանված) - Նայում ենք այս սարերին, ասես մեր գյուղը լինի: Անգամ առավոտյան կովերի բառաչն է հիշեցնում մեր գյուղը:

Վերաբնակեցմանը զուգահեռ՝ Խնածախում սրվում է մանկապարտեզի բացակայության հարցը: Համայնքում 50-ից ավելի նախադպրոցական երեխա ունեն: Ասում են՝ ժամանակն է մտածել նախակրթարանի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում