3.3 միլիարդ դրամ՝ Մարտակերտում ճանապարհաշինության համար

ՆՆարեկ Սահակյան

Դավաճան չի եղել, դավաճանություն՝ ևս. 44-օրյա պատերազմին անդրադառնալով՝ հայտարարել է Արցախի նախագահը: Անվտանգության մասին խոսելիս Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ այն ապահովում են Պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահները:

Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Տարածաշրջանն այնպիսինն է, որ մենք ինքնուրույն, միայնակ ի վիճակի չենք ապահովելու խաղաղություն, այսինքն՝ անվտանգություն: Եվ այստեղ ռուսական զորքի առկայությունը ոչ թե պիտի լինի ժամանակավոր, այլ մշտական: Առանց Ռուսաստանի մասնակցության անհնարին է տարածաշրջանում ունենալ խաղաղություն, կայունություն:

Հարությունյանը հայտարարել է, որ Մարտակերտում սկսում են Արցախի ամենախոշոր ներդրումային ծրագիրը: Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կկառուցվի։ 17,6 ՄՎՏ հզորություն ունեցող «Գետավան-1» ՀԷԿ-ի՝ շուրջ 25 մլն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, իսկ առաջիկայում դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ:

Արայիկ Հարությունյան - Եթե մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը չկարողանանք էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենալ, ապա 2022-ի ձմռանը պետք է ունենանք հովհարային:

44-օրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի 10 գյուղ տեղահանվել է: Տեղահանվածների մեծ մասը հաստատվում է շրջկենտրոնում: Արցախի ղեկավարն առաջարկում է օգտագործել ազատ բնակարաններն ու կիսավեր տները: Այս ծրագրով քաղաքում նախատեսվում է կառուցել 500 բնակարան: Մարտակերտը պետք է դառնա Արցախի երկրորդ խոշոր քաղաքը՝ ունենալով 10 հազար բնակիչ:

Արայիկ Հարությունյան - Ընդհանուր 100 միլիարդ պետք է ուղղենք բնակարանաշինությանը, որպեսզի կարողանանք ապահովել տեղահանված մեր բնակիչներին, հայրենակիցներին բնակարանով: Ոչ թե ավարտել, այլ շարունակել այդ ծրագիրը, որպեսզի «Յուրաքանչյուր ընտանիք՝ առանձին բնակարան» կարգախոսը գործի և, մանավանդ, գյուղերում առաջին հերթին՝ ցանկացած ընտանիք պետք է ունենա իր առանձին բնակարանը:

Ազատ բնակարանները ոչ միշտ է հաջողվում նորոգել ու տրամադրել կարիքավորներին՝ ասում են տեղահանվածները: Սեփականատերերը կամ նրանց լիազորված մարդիկ չեն գործակցում և ոչ էլ նորոգում են իրենց տները: Համայնքների ղեկավարներին Արայիկ Հարությունյանը հանձնարարել է նման դեպքերում տիրազուրկ ճանաչել:

Արայիկ Հարությունյան - Եթե այդ մարդը տիրություն չի անում, ի՞նչ պապական հող, ի՞նչ պապական տուն: Խնդրեմ, ժամանակ եմ տալիս ձեզ: Որոշեք՝ քանդո՞ւմ ենք, թե՞ պահում ենք: Եթե վերակառուցման ենթակա չի, ապա տեխնիկան տրամադրելու ենք, քանդելու են: Ավերակ չպետք է լինի մեր բնակավայրերում:

2 տարում Արցախի բոլոր գյուղերը մայրուղիներին կապող ճանապարհները կասֆալտապատվեն: Մաղավուզում կենտրոնական ճանապարհն արդեն ասֆալտապատել են, հիմա պատրաստվում են տեղահանված ընտանիքներ ընդունել:

Հրանտ Շիրինյան, Արցախի Մաղավուզ համայնքի ղեկավար - Հարակից թաղամասում սկսված է տիրազուրկ տների վերանորոգումը: Քաշաթաղի շրջանից են հիմնականում, կան նաև այլ շրջաններից վերաբնակիչներ, որոնց համար նույնպես նախատեսվում է տիրազուրկ տների կառուցում:

Մարտակերտի շրջանում մեծ ծավալի ճանապարհաշինություն է մեկնարկում: Հիմնանորոգվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Կիչան 27 կիլոմետրանոց ճանապարհը:

Հենրիկ Հարությունյան, աշխղեկ - Ոչ մի խնդիր չկա, բանականոն հունով ընթանում են աշխատանքները: Այս պահին Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ հատվածի աշխատանքներն ենք կատարում, կատարվում է խճապատում: Օգոստոսի 12-ից կսկսենք ասֆալտապատումը:

Ծրագրի արժեքը մոտ 3,3 միլիարդ դրամ է: Ֆինանսավորում է «Հայաստան» համահայակական հիմնադրամը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում