Առաջին ալիքը Մեդիա ակադեմիա կբացի նաև Արցախում

ՆՆարեկ Սահակյան

Առաջին ալիքը մեդիա ակադեմիա կբացի նաև Արցախում: Դասընթացները կանցկացվեն Արցախի պետական համալսարանի և Արցախի Հանրայինի հետ գործակցությամբ: Մեդիա ակադեմիայի դասընթացները կտևեն 7 ամիս և կլինեն անվճար:

Լենա Մինասյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի ղեկավար) - Մեր դասընթացները ոչ ֆորմալ բնույթի են, այսինքն՝ տարբերվում են նրանով, որ չունենք տեսական դասեր: Ենթադրենք՝ լրագրողը հենց նյուզռումում բացատրում է լրագրողական որևէ ժանրի նյութի մանրամասները, և հենց տեղում թիմը պատրաստում է նյութ` այդ ոլորտի մասին:

Մեդիա ակադեմիա ընդունված 50 դիմորդներին շնորհավորել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և նշել՝ 65-ամյա փորձով Առաջին ալիքը կարևորում է մեդիակրթությունը: Դիմորդներից Նորա Հայրումյանն ու Մարիամ Սաֆարյանը լիահույս են, որ կբացահայտեն հեռուստատեսային աշխարհը:

Նորա Հայրումյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի դիմորդ) - Դիմել եմ նաև հունվարին՝ Երևանում մասնակցելու համար: Սակայն ցանկությունս իրագործվել է հենց Արցախում: Եվ այդ առիթով շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել այս ծրագրում:

Մարիամ Սաֆարյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի դիմորդ) - Ուսանողը, որը սովորել է լրագրություն բաժնում և չի անցել պրակտիկ դասընթաց, գործունեություն, սա եզակի հնարավորություն է դրսևորելու իր տեսական գիտելիքները գործնականում և հասկանալու՝ արդյոք հեռուստատեսությունն իրե՞նն է, թե՞ ոչ:

Հանրայինի՝ Ստեփանակերտում մեդիա ակադեմիա ունենալու գաղափարը ողջունել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Այստեղ սաները գործնական գիտելիքներ կստանան ոլորտի լավագույն մասնագետներից:

Աելիտա Չիլինգարյան (լրագրող) - Պրակտիկ գիտելիքներ՝ նկարահանման վայրում, ինչ անել մինչև նկարահանումը, ում զանգահարել, ինչպես խոսել: Նկարահանման վայրում օպերատորի հետ ինչպես աշխատել, ինչ հարցեր տալ, որպեսզի քո ուզած պատասխանն ստանաս, որպեսզի մինիմալ ռեսուրս ծախսվի` մաքսիմալ արդյունք ստանալու համար:

Առաջին ալիքի մեդիա ակադեմիայի դասընթացներն Արցախում կմեկնարկեն սեպտեմբերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում