Հայաստանում կաշվի տեղական հումքի մեծ պահանջարկ կա

ՀՀայկարամ Նահապետյան

Վարպետ Արշակն է: Պատվիրատուին հանձնելուց առաջ վերջին շտկումներն է անում: Պատվերի պակաս չունի: Միայն նեղսրտում է՝ կաշին հայկական չէ:

Այս գործարանը խորհրդային տարիներին հայտնի էր կաշվի վերամշակման իր ավանդույթներով: Երեք տասնամյակ անց այստեղ կրկին լսվում է աշխատող սարքավորումների ձայնը: Նիդերլանդներից Հայքազ եղբայրներն են փորձում վերադարձնել հայկական կաշվի գործարանի նախկին համբավը: Մոտ 1.5 մլն դոլարի ներդրում են արել: Առայժմ, սակայն, հումքի միայն մի մասն է տեղական:

Ներկայումս Հայաստանում կաշվի մշակմամբ զբաղվող ընկերություններն ունեն կաշվի տեղական հումքի մեծ պահանջարկ: Հայկական անմշակ կամ կիսաֆաբրիկատ կաշին մեծ քանակներով գնում են թուրքական կամ այլ երկրների գործարարները, այնտեղից էլ արդեն մշակված, բայց ավելի բարձր գնով նորից արտահանվում է Վրաստան, Հնդկաստան, Չինաստան և նույնիսկ Հայաստան:

Կառավարությունը ոլորտին աջակցելու նպատակով ստիպված էր գնալ կտրուկ քայլերի: 6 ամսով արգելվել է անմշակ կաշվի ու մորթու արտահանումը Հայաստանից: Էկոնոմիկայի նախարարությունն այս որոշումը մեկնաբանում է՝ կաշվի տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, արգելվում է ցանկացած տեսակի չմշակված մորթերի արտահանումը։ Արգելքը չի տարածվում միայն ժամանակավոր ներմուծման, մաքսային տարածքում վերամշակման ու հետագայում արտահանման կամ վերաներմուծման դեպքերի վրա:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2020 թ. մեր երկրից արտահանվել է մոտ 60 հազար խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթի` մոտ 260 հազար դոլար մաքսային արժեքով` 2019 թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում: Արտահանման հիմնական շուկաները եղել են Թուրքիան ու Իրանը:

Արտահանվել է նաև քիչ քանակությամբ ոչխարի ու գառան մորթի Ռուսաստան ու Իտալիա: Արդյունքում, ըստ մասնագետների` կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ: Շարունակում է խնդիր մնալ տեղական հումքի որակը: Կենդանիների մորթը սխալ է կատարվում, իսկ սպանդանոցային մորթից հայ ֆերմերները դեռևս քիչ են օգտվում:

Ի դեպ, հարևան Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ևս արգելում են տեղական անմշակ կաշվե հումքն արտահանել:
 

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում