Ադրբեջանը պարտվեց Ալեքսանդր Լապշինին ՄԻԵԴ-ում

ԳԳայանե Թամամյան

Ադրբեջանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին կվճարի 30000 եվրո: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է բլոգերի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ իր նկատմամբ դեռևս 2017 թվականին Բաքվի բանտում մահափորձ կատարելու և խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով: Միջադեպի հետևանքով Լապշինը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:

Ալեքսանդր Լապշին (բլոգեր, ճանապարհորդ) - Ենթադրում եմ՝ Ադրբեջանին անհրաժեշտ կլինեն օրեր՝ ուշքի գալու համար այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել: Որքան տեղյակ եմ, նրանք հույսը դրել էին, որ դատարանում ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է: Բարեբախտաբար, այդպես չեղավ, և դատարանը միանգամայն օրինական որոշում կայացրեց, որը, կարծում եմ, Ադրբեջանը կբողոքարկի: Սակայն նաև ենթադրում եմ, որ որոշումն ուժի մեջ կմնա, քանի որ հիմնված է փաստերի վրա:

Լապշինը Բաքվի բանտում հայտնվել էր Արցախ կատարած այցելությունից 5 տարի անց, երբ համալրել էր Ադրբեջանի հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի իշխանությունները բանտում տեղի ունեցած միջադեպը որակել էին որպես ինքնասպանության փորձ, մինչդեռ Լապշինը շարունակում էր պնդել՝ իրեն փորձել են սպանել: Տարիներ անց Եվրոպական դատարանը վճռել է՝ ոտնահարվել է Լապշինի կյանքի իրավունքը: Բլոգերը Ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ «Հաղթանակ։ ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանությանը»:

Ալեքսանդր Լապշին - Ադրբեջանը թույլ տվեց բազում տակտիկական ու օրենսդրական սխալներ: Նախևառաջ՝ պետք չէր նման սկանդալով կալանավորել արտասահմանցի լրագրողին, հետո հետ գնել նրան Բելառուսից՝ կոնֆլիկտի գնալով Ռուսաստանի, Եվրամիության, Իսրայելի ու Հայաստանի հետ:

Եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինը շարունակում է ստանալ սպառնալիքներ ոչ միայն ադրբեջանցի օգտատերերից, այլև պաշտոնյաներից: Սակայն բլոգերի խոսքով՝ դա նրան չի խանգարում շարունակել իր գործունեությունը և պայքարել արդարության համար: Շուտով նա կլինի Եվրոպայում՝ բարձրաձայնելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

Հեղինակ՝ Սյուզի Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում