Հանրապետությունում քովիդ կենտրոններն աստիճանաբար փակվում են

Գյումրու բուժկենտրոնից մոտ օրերս տուն կճանապարհեն քովիդով վերջին հիվանդներին: 60 մահճակալով բաժանմունքը փակվում է, քանի որ այսօր հիվանդների թիվը նվազել է:

Արմեն Խաչատրյան («Գյումրի» ԲԿ տնօրենի տեղակալ, քովիդ բաժանմունքի ղեկավար) - Մեկ շաբաթ հիվանդ չենք ընդունել և մեր եղած հիվանդներին ենք արդեն դուրս գրում: Էս պահին ունենք 14 հիվանդ, իհարկե, ունենք նաև շատ ծանր՝ էդ 14-ի մեջ, որոնց կնմուշառենք երկուշաբթի օրը: Եթե բացասական պատասխան ունեցանք, իրենք կտեղափոխվեն համապատասխան բաժանմունքներ՝  վերակենդանացման կամ թերապևտիկ բաժանմունք, իսկ որոնք դեռ դրական՝ կտեղափոխենք Երևան:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախորդ շաբաթ է վերադարձել բնականոն աշխատանքին: Հայաստանում աստիճանաբար սկսում են փակվել քովիդով հիվանդներին սպասարկելու համար վերապրոֆիլավորված բաժանմունքները: Երևանում և մարզերում ապրիլին գործել է քովիդով հիվանդներին սպասարկող 23 բուժկենտրոն՝ 2600 մահճակալով, 350-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:

Լիանա Բարսեղյան (ՀՀ ԱՆ ԲՕՔ վարչության հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ) - Առողջապահության նախարարությունը որոշում կայացրեց անցած մեկ շաբաթվա ընթացքում վերապրոֆիլավորումից հանել մարզային 4 բժշկական կազմակերպություն: Վեդու բուժկենտրոնը, Մարտունու, Հրազդանի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները:

Հանրապետությունում կա քովիդով հիվանդներին սպասարկելու պատրաստ 600 ազատ մահճակալ: Եթե փակվող բաժանմունքներում դեռ հիվանդներ կան, կտեղափոխվեն այլ կենտրոններ: Համաճարակային իրավիճակից կախված՝ քովիդ կենտրոնների փակման գործընթացը կշարունակվի: Առողջապահության նախարարության հիվանդանոցային բուժօգնության բաժնի պետը իրավիճակի կայունացումը նաև պատվաստման գործընթացով է պայմանավորում:

Լիանա Բարսեղյան - Առողջապահության նախարարությունը գտնում է, որ պատվաստումներն ուղիղ ազդեցություն ունեն քովիդ կենտրոնների բնականոն աշխատանքի վերադարձման հետ, ուստի նախարարությունը ևս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը հորդորում է ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին:

Նաև հիշեցնում է. համաճարակային իրավիճակի՝ այս պահի կայունացումը բնակչության համար զգոնության թուլացման առիթ չպետք է դառնա: Շարունակում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի հաղթահարենք կորոնավիրուսի երրորդ ալիքը և չկանգնենք 4-րդի վտանգի առջև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում