Արցախյան պատերազմից տուժածների համար ծրագրավորման անվճար դասընթացը մեկնարկեց նաև Տավուշում

ԳԳայանե Թամամյան

Մեկնարկեց «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում` կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Մոտ 100 շահառուները Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածքից են:

Հասմիկ Ազիբեկյան (ծրագրի ղեկավար) - Մասնակիցների մեծ մասը կա՛մ զոհվածի ընտանիքի անդամներ են, կա՛մ հաշմանդամություն ձեռք բերած նախկին կամ առկա զինվորականներ են, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորողի մասնագիտություն և այդ մասնագիտությամբ աշխատել: Իսկ այդ շղթան, որ մասնակիցը սկզբում ստանա գիտելիք, ստանա աշխատանք, մենք ի սկզբանե ապահովել ենք: 

«Համայնքային զարգացման կենտրոն. տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ նախաձեռնությունը իսկույն գտավ իր գործընկերներին և աջակիցներին` Գյումրիի ՏՏ կենտրոն, «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմադրամ, ՀՕՖ, ԲՏԱ նախարարություն:

Անահիտ Սարգսյան (ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ) - Մենք ամեն ինչով պատրաստ ենք աջակցել, որովհետև ինքներս ունենք մեր կրթական ծրագիրը, որի շրջանակում նույնպես պատերազմի մասնակիցները հատուկ թիրախային խումբ են, մի շարք ռեսուրսներ, կարծում եմ՝ կարող ենք տրամադրել: 

Շահառուները կստանան ծրագրավորման, ֆինանսական կառավարման գիտելիքներ, հմտություններ, նաև՝ հոգեբանական աջակցություն: Ութամսյա տևողությամբ անվճար դասընթացները կվարեն Գյումրիի ՏՏ կենտրոնի ծրագրավորման ոլորտի լավագույն մասնագետները, նաև` մասնակիցներին կնայեն հեռանկարային գործատուի աչքերով: Նրանց խոսքով՝ սա ինքներս մեզ օգնելու ծրագիր է:

Ամալյա Եղոյան (Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն) - Մենք իրենց փոխանցելու ենք տեխնոլոգիական ոլորտի մրցունակ գիտելիքներ, որի արդյունքում ընկերությունները կարող են դիտարկել վերջիններիս որպես հեռանկարային աշխատակիցներ: Վստահ եմ, որ ծրագիրը կլինի արդյունավետ: 

Ժամկետային զինծառայող, այգեձորցի Էդիկը պատերազմում վիրավորվել է, բուժվել և հիմա ծրագրին մասնակցում է մի գործ ձեռնարկելու ակնկալիքով.

Էդիկ Նազանյան (Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ) - Ինձ հնարավորություն կտա հետագայում աշխատելու, նոր մասնագիտություն, բիզնեսներ ձեռք բերելու համար:

Քարվաճառի Խարխափուտ գյուղից մեղվաբույծ Արմանը այժմ Գետահովիտ գյուղ է տեղափոխվել, ծրագիրը նոր կյանք սկսելու փորձ է համարում:

Արման Հարությունյան (ծրագրի շահառու) - Նոր մասնագիտության հնարավորություն է ընձեռվել, մնում է՝ կարողանանք գլուխ հանել:

Դասընթացները լավ արդյունքով ավարտողներին սպասում են նվեր-համակարգիչներ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում