Ապրիլյան քառօրյայի ժամանակագրությունը՝ թվերով և փաստերով

ՄՄուշեղ Իսախանյան

Քառօրյա կամ Ապրիլյան. պատմության մեջ այս անուններով գրվեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան: 5 տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, զինվորականների համար սկսվեց ռազմական տագնապով, մյուսների համար ԶԼՄ-ների տագնապային լուրերով՝ շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական լայնածավալ գործողություններ են սկսվել:

Հյուսիսում մարտական գործողությունների թատերաբեմը Թալիշն էր, հարավում՝ Ջրականը: Մարտերն առավել թեժ էին Հադրութի ու Մարտակերտի ուղղություններում: Ադրբեջանի ախորժակը ակնհայտ նվաճողական էր: Հայկական տարածքներ ներթափանցած դիվերսիոն խմբերի մեջքը պահում էր թշնամու հրետանին՝ ինտենսիվ կրակով: Կիրառելով իրենց ռազմական գրեթե ամբողջ արսենալը՝ հրթիռահրետանային զենքեր, տանկեր և զրահատեխնիկա, օդուժ, անօդաչու թռչող սարքեր, Ադրբեջանը՝ արդեն ավանդական դարձած ձեռագրով թիրախավորել էր նաև խաղաղ բնակավայրերը: Ապրիլի 2-ին՝ կեսօրին մոտ, հայտնի դարձավ՝ Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է. Թալիշում գնդակահարվել էր գյուղի 3 տարեց բնակիչ:

Հայկական զինված ուժերի դիրքերն ու հայկական բնակավայրերը շարունակում էին ակտիվ հրետակոծվել նաև ապրիլի 4-ին, չնայած Ադրբեջանը դեռ նախորդ օրն էր հայտարարել կրակը միակողմանի դադարեցնելու մասին. ինչպես միշտ՝ խախտել էր խոստումը:

Ապրիլյանի ժամանակ, ինչպես հետո 44-օրյա պատերազմի օրերին, իրենց սխրանքներով փայլեցին 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները: Ցերեկ ու գիշեր կռվելով՝ տղաները խոցում էին թշնամական ԱԹՍ-ներ, ողղաթիռներ, տանկեր ու զրահատեխնիկա, ոչնչացնում կենդանի ուժ:

Ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետերը՝ ռուսաստանցի գործընկերոջ միջնորդությամբ, պայմանավորվեցին դադարեցնել կրակը: Դե յուրե հրադադար էր, ապրիլի 8-ին հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Մինսկի խմբի ներկայացուցչների միջնորդությամբ, զոհվածների որոնողական աշխատանքներ սկսեցին: Երկու օր անց, նույն 2 կառույցի մասնակցությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ դիակների փոխանակում իրականացվեց: Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին:

Տարածքային կորուստ միայն հայկական կողմն ունեցավ՝ հյուսիսային ուղղությամբ թշնամուն էր անցել 800 հա տարածք: Ապրիլյան քառօրյան հայկական կողմից խլեց 100-ից ավելի կյանք, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացավ շուրջ 120 մարդ:

Արցախյան առաջին պատերազմից հետո խաղաղություն երբեք չի եղել, պարբերաբար սահմանային միջադեպեր էին արձանագրվում և՛ Արցախում, և՛ Հայաստանի Հանրապետությունում:

2016-ի Ապրիլյանից հետո արդեն ակնհայտ էր՝ Ադրբեջանը խաղաղ բանակցություններով հարցը լուծելու մտադրություն անգամ չունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում