20 օր շտապօգնության մեքենայի մեջ քնած ուսանողն ու գլյուկոզային փոխարինած շոկոլադը

Պատերազմի օրերին գրեթե մեկ ամիս տաք անկողին ու տաք ճաշ չտեսած ապագա բժիշկը հայրենիքի պաշտպանների համար ամեն ինչի էր պատրաստ. նույնիսկ սեփական տաք գուլպաներն է տվել վիրավոր զինվորներին: Հաճախ Երևան է վերադարձել հագուստի կեսն Արցախում թողած: 20 օր քնել է շտապօգնության մեքենայի մեջ: Հադրութից վիրավոր է դուրս բերել այն պահին, երբ քաղաքն արդեն շրջափակված էր:

Վահե Գրիգորյան, ԵՊԲՀ ուսանող - Ինչ վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, երկրին, ամեն ինչ դառնում էր երկրորդական: Այդ պահին պետք էր ամբողջ ուժով, գիտելիքով, ունակություններով լինել սահմանին՝ զինվորի կողքին:

Պատերազմի հենց առաջին օրից Վահեն ու նրա ընկեր, դարձյալ բժշկական համալսարանի ուսանող Տաթևը պաստառներով կանգնել են առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջելով, որ թույլ տան իրենք էլ որպես կամավոր մեկնել Արցախ: Սեպտեմբերի 28-ից վիրավոր զինծառայողներ են տեղափոխել Ստեփանակերտից Երևան, Արցախի տարբեր բնակավայրերից՝ Ստեփականերտ: Շատ դեպքերում վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերող այս երիտասարդներից է կախված եղել, թե հիվանդանոց հասցնելուց հետո զինվորի կյանքը կհաջողվի՞ փրկել:

Տաթև Խաչատրյան, ԵՊԲՀ ուսանող - Հադրութ հասանք, այնտեղ ուղղակի շատ խառն էր իրավիճակը, ուղղակի դռները բացեցին, վիրավորին դրեցին մեքենայի մեջ, ու մենք ինֆորմացիա չունենք իր մասին, ոչ անուն գիտենք, ոչ գիտենք ինչ վիրավորում է ստացել:

Վահե Գրիգորյան - Հասկացանք, որ գիտակցություն համարյա չկար, ընդհանուր կենսական ցուցանիշները՝ շատ ցածր, ոտքից վիրավորում ուներ: Տաթևն ամբողջ ճանապարհին այդ տղայի ոտքը գրկել էր:  

Տաթև Խաչատրյան - Մենք գլյուկոզա չունեինք մեքենայի մեջ, շոկոլադ ունեինք պայուսակում, իրեն հազիվ խոսացնում էինք, որ գիտակությունը չկորցնի: Այդ շոկոլադը պոկել ենք կտոր-կտոր, տվել վիրավորին:

Ամեն հաջորդ զինվորին տեղափոխելուց ու իրենց արյունոտ հագուստը տեսնելուց հետո ուժասպառ են եղել, բայց նորից ոտքի կանգնել՝ մյուսներին փրկելու հավատով: Պատերազմի օրերին Հայաստանի ու սփյուռքի տարբեր բուժկենտրոններից հազարավոր բժիշկներ են որպես կամավոր մեկնել Արցախ:

Քրիստինա Գյուրջյան, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ - Առաջին օրվանից բժշկական կազմակերպություններից գործուղվել են Արցախի բժշկական կազմակերպություններ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր: Ընդգրկված են եղել անեսթեզիոլոգներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, անոթային վիրաբույժ, կրծքային վիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ:

Այս բոլոր թվարկվածների ու լրացուցիչ շտապօգնության ծառայության աշխատակիցների թիվը միասին անցել է 2000-ը:

Քրիստինա Գյուրջյան - ԱՆ-ի կողմից նշանակվել են պատասխանատուներ՝ Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում, որոնք ապահովում էին մեր վիրավոր զինծառայողների, քաղաքացիական բնակչության բժշկական կազմակերպման էտապայնությունը:

Առողջապահության նախարարության այս պահարանում մինչև հիմա էլ աշխատակիցները պահում են կամավորներից մեկի հագուստը: Չգիտեն ումն է: Գիշերով, հոգնած, քրտնած այնքան ուսանողներ էին Արցախից վիրավոր բերում ու դեռ տեղ չհասած, նորից հետ գնում:

Սիրանուշ Խորենյան, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության խորհրդատու - Բարձրահասակ երիտասարդ է, հավանաբար: Պահում ենք, պատվոգրերի հետ միասին այստեղ է: Ոչ գիշեր կար, ոչ ցերեկ, ոչ հոգնածություն, ոչ կուշտ, ոչ ծարավ: Ջերմություն ունեին, դեղը բացում էին, բաժակի մեջ խառնում, գնում, որ կարողանային տեղ հասնել, նորից մեկին օգնել:

Առողջապահության ոլորտի կամավորները հաճախ ստիպված են եղել այս դժվարությունները մեկտեղել անձնական ողբերգությունների ու դժվարությունների հետ: Բուժքույրերից մեկը, որ գիշեր-ցերեկ վիրավորներ է տեղափոխել, պատահաբար դարձել է նաև իր վիրավորված որդու բուժքույրը: Վահեն էլ կամավորության ժամանակ իմացել է, որ հարազատ եղբայրը՝ տանկիստ Արման Գրիգորյանը, զոհվել է: Քանի անգամ են եղբայրները փորձել հանդիպել, բայց ամեն անգամ ճանապարհները նորից բաժանվել են:

Եվ նույնիսկ հարազատ եղբորը կորցնելուց հետո Վահեն նորից պատրաստ էր շարունակել օգնել վիրավոր զինվորներին՝ այս անգամ արդեն ամեն մեկի մեջ եղբորը տեսնելու դժվարությամբ:

Հարազատներ են կորցրել, բայց նաև գտել են: Ապագա բժիշկները հետո էլ հետաքրքրվել են զինվորներից յուրաքանչյուրի ճակատագրով, շատերին արդեն Երևանում հանդիպել, ընկերացել, նույնիսկ հարսանիքի հրավեր ստացել էքստրեմալ պայմաններում իրենց շնորհիվ Հադրութից դուրս բերված վիրավոր զինվոր Տիգրանից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում