Արցախցիների հերթական խումբը Գյումրուց վերադարձավ ծննդավայր

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրու կենտրոնում, Ս․ Յոթվերք եկեղեցու ղողանջների տակ, գյումրեցիները ճանապարհում են ժամանակավորապես հյուրընկալած ու հարազատ դարձած արցախցիներին։ Սվետլանան գնացողներից ամենաուրախն է, զարմանում է՝ ինչպես կարող էր մեկ ամիս հեռու ապրել տնից, ինչպես էր հնարավոր դիմանալ ու չկարոտել։

Ընտանիքին օգնում է իրերը դասավորել ավտոբուսում, հընթացս՝ մեզ պատմում բերքաբեր Արցախից, հասցնում հրավիրել ու խոստանում վերադառնալ՝ սովորելու ոստիկանական ակադեմիայում՝ համալրելու արցախցի ոստիկանների շարքերը, իսկ մինչև այդ պետք է ավարտի դպրոցը Բերդաշենում։

Նրա տատիկը՝ Լաուրա Վարդանյանն էլ է վերադառնում։ 13 հոգով Գյումրիում էին, բոլորն են գնում։

Լաուրա Վարդանյան - Մեր Ղարաբաղի հողերը, ջուրը թանկ են, իմ Ղարաբաղն ինձ համար միլիոն արժե, շնորհակալ եմ Գյումրիից, ընդունեցին, գնում եմ իմ Ղարաբաղ:

Գնում է խնամելու զավակներին ու թոռներին, նորը ստեղծելու ու երկար ապրելու, ասում է՝ ոչնչից չի վախենում, ուրախ է, որ խաղաղապահներ կան իրենց գյուղում։

Ճարտարցի Էլիոնոր Սահակյանն էլ շտապում է, որ աշխատանքը չկորցնի։ Բուժքույր է։ Ճարտարում և հարևան գյուղերում հիմա իր կարիքն ունեցողները շատ են։

Այսօր 70 հոգի է վերադառնում Գյումրիից։ Նրանց մի մասը հարազատ օջախ վերադառնալ չի կարող, գնում են Ստեփանակերտ, Արցախը բոլորիս տունն է՝ ասում են։

Գնում ենք պահելու և տեր կանգնելու նոր արյունով սրբացած մեր հողերին՝ ասում են, նորից դառնալու տեր ու սահմնապահ հայրենիքի իրենց կտորին։

Արդեն Գյումրուց Արցախ է վերադարձել 170 քաղաքացի, մի քանի օրից հերթական խումբը կմեկնի տուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում