Արցախյան երրորդ պատերազմը կարող է դառնալ բնապահպանական աղետի պատճառ: Թշնամին ռազմաճակատում կիրառում է ոչ միայն հրթիռահրետանային, այլև ֆոսֆորային զինատեսակներ:
Տարիել Ղոչիկյան (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան) - Կարող են ոչ միայն կենդանի օրգանիզմի վրա, այլ նաև շրջակա միջավայրի վրա ազդել: Երկար ժամանակ մնում են նաև բնության մեջ՝ տերևների վրա, հողի վրա: Ժամանակ է պետք քայքայվելու համար, այդ ընթացքում կարող են վնասել կենդանիներին:
Ադրբեջանը Արցախի հողում քիմիական զենք օգտագործում է մտածված, որպեսզի անտառները վերացնելով կարողանա տեսանելի հատվածներում ռազմական նոր խնդիր լուծել: Պրոֆեսոր Ղոչիկյանը մեկնաբանում է սպիտակ ֆոսֆորային ռումբի հետևանքները:
Տարիել Ղոչիկյան - 1300 աստիճանի մոտ ջերմաստիճան է, պարզ է, որ ընկավ, այրելու է մարդու մաշկը, մկանային համակարգը, վնաս է տալու, շատ ծանր վերքեր են առաջանալու, որի մշակման համար հատուկ մեթոդիկաներ կան: Մարդկային ռեսուրսները վերացնելու, ինչպես նաև էկոլոգիական վնասներ պատճառելու նպատակ ունեն. դարավոր անտառներ են, այդ անտառները որ վերացրին, 100 տարի հետո անտառ կա՛մ կունենաս, կա՛մ չէ:
Հայաստանի կանաչների միության նախագահն ասում է՝ Արցախի անտառները, որ երկրի տարածքի շուրջ 60 տոկոսն են կազմում, ծառազրկման ու էրոզիայի պատճառով կարող են անապատանալ:
Հակոբ Սանասարյան (Հայաստանի կանաչների մության նախագահ) - Որտեղ կա ծառազրկում, բուսականության զրկում, այնտեղ լինում է անապատացում: Անձրևները, ձնհալի ջրերը տանում են հողը և տակի ժայռերն ու ապարներն են դուրս գալիս: Այսինքն՝ դա մեծագույն աղետ է: Արցախի անտառները դարավոր անտառներ են, որտեղ բացի հազվագյուտ բուսատեսակներից՝ նաև կենդանական աշխարհ կա, և սա կոլեկտիվ հանցագործություն կարելի է համարել այնն պետությունների կողմից, որոնք նպաստում են:
Մեծ էկոխնդիր է նաև ռազմաճակատում մնացած դիերի հարցը. բարձր ջերմաստիճանի պայմաններում շատ արագ դիաթույներ են արտադրում:
Տարիել Ղոչիկյան - Դիակները, մանավանդ տաք եղանակին, շատ արագ սկսում են դիաթույներ արտադրել, նեխման գործընթաց է: Այդ դիակները պետք է հավաքվեն, ինչ էլ լինի՝ պետք է հավաքել, այդպես չի կարող մնալ:
Արցախի բնապահպանությանը սպառնացող պատերազմն արդեն 39 օր է՝ թունավորում է երկիրը: Բաքուն չի տանում, չի էլ ուզում տանել մարտադաշտում թողած իր դիերը: Հումանիտար հրադադարի երրորդ փորձն էլ ձախողվեց: Բնապահպանները հույս ունեն, որ աղետին գոնե բնապահպանական միջազգային կազմակերպությունները կարձագանքեն:
Պատերազմը սպառնում է նաև Արցախի բնապահպանությանը
Դիտումներ52













