Իրավիճակը փայլուն չէ, կատաստրոֆիկ էլ չէ

ՀՀովհաննես Վարդանյան

Պատերազմի 35-րդ օրը ռազմաճակատում մարտերը շարունակվել են. գիշերը լարված է եղել հատկապես հարավարևմտյան, հարավարևելյան և հյուսիսային հատվածներում: Մարտունու ուղղությամբ մեր ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ, գնդապետ Սարումյանն ասում է՝ դա արվել է առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով:

Սուրեն Սարումյան (ԱՀ ՊԲ հասարակայնության հետ կապերի պատասխանատու) - Դա մարտավարության մի մասն է, ժամանակակից համազորային մարտի դինամիկան թելադրում է անընդհատ նման իրավիճակային փոփոխություններ: Ցանկացած պատերազմի ժամանակ այդպիսի իրավիճակներ տեղի են ունենում. մեկ ուղղությամբ դիրքերը բարելավելու համար կատարվում է նահանջ, մյուս ուղղությամբ դիրքերը բարելավելու համար կատարվում է գրոհ, զբաղեցվում են նոր բնագծեր, նոր դիրքեր: 

Ավետարանոց-Սղնախ հատվածում թշնամական ուժերը փորձել են շուրջ տասը տեխնիկայով առաջանալ, մերոնք դիպուկ կրակով ոչնչացրել են վարձկան ահաբեկիչներին: Հակառակորդը հարավարևմտյան ուղղությամբ կրելով մեծաթիվ կորուստներ՝ հետ է շպրտվել:

Սուրեն Սարումյան - Մեզ հաջողվել է կռահել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուները, տեղում գտնվող կենդանի ուժը ոչնչացնել մի վայրում, որը այսուհետ երևի ադրբեջանցիները կարող են անվանել դժոխքի ձոր, որովհետև ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացման իրականացումը: 

Թշնամու տեխնիկայի հերթական մեծ խմբաքանակի ոչնչացման ու Ավետարանոց-Սղնախ հատվածում առաջխաղացման փորձը կանխելու լուրին արձագանքել է Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուքի էջում գրելով.

«Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է, և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է, ու պետք է դնել առավելագույնը»։

Ճակատում ակտիվ մարտերին զուգահեռ՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերը, հրթիռահրետանային հարվածներ հասցրել Մարտունի քաղաքին ու հարակից բնակավայրերին։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։

Թշնամու վայրագություններից տուժել են նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակել է Ավետարանոց և Ներքին Սզնեք համայնքների ուղղությամբ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։

Մեր բանակը հակառակորդի կրակային դիրքերին հասցրել է թիրախային հարվածներ: Թշնամու բոլոր շարժերը պաշտպանության բանակը լիակատար վերահսկում է: Ադրբեջանական ուժերն առավոտյան փորձել են հարձակողական գործողությունները վերսկսել, միաժամանակ կրկին հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը:

Մինչև հոկտեմբերի 31-ը Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 45 խաղաղ բնակիչ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120-ը ստացել են լուրջ վնասվածք: Արցախի 160 բնակավայրի հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ վնասվել են 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Տվյալները ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում