Գույքահարկի արտոնություններ զինծառայողներին. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ԱԺ-ում ներկայացրեց «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է զինծառայողներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» օրենքում օգտագործվող ձևակերպումներին, հստակեցնել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման արտոնության և այդ իրավունքի դադարման պայմանները:

Փոխնախարարը նշեց, որ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետագա ծառայությունը սահմանված է որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, որի նույն ձևակերպումը տրվում է նաև նախագծում: Բալայանը նշեց, որ գույքահարկի մասով արտոնությունները կիրառելիս արձանագրվել են դեպքեր, երբ արտոնությունը կիրառող իրավասու մարմնի կողմից դադարեցվել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինվորական ծառայությունից և նոր պայմանագիր կնքելու միջոցով շարունակել են ծառայությունը:

«Այս խնդիրը լուծելու նպատակով սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է գույքահարկի արտոնությունը: Սահմանվում են արտոնությունների դադարեցման դեպքերը զինծառայողին ծառայությունից ազատելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում»,- նշեց Բալայանը՝ հավելելով, որ շահառուների կազմի փոփոխություն չի լինելու:

Գույքահարկի վճարման 100% արտոնությունից օգտվելու են Զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ռազմական ուսումնական հաստատության կուրսանտները, նաև սպաները և ՀՀ-ում տեղակայված ռուսական ստորաբաժանումների զինծառայողները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում