Շինարարական աննախադեպ ծրագրեր են սպասվում և՛ քանակական, և՛ ֆինանսական առումով

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

Փոխվարչապետը մինչև բուն օրակարգին անցնելը խնդրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին անդրադառնալ և մանրամասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում արած այն հայտարարությանը, որ այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր են լինելու. խոսքն առնվազն 100 օբյեկտի նախագծման և շինարարության մասին է, որի նպատակը արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցներին այստեղ աշխատանքով ապահովելն է:

Ղուլարյանը նշեց, որ աննախադեպ ծրագրեր են սպասվում և՛ քանակական, և՛ ֆինանսական առումով:

«Ընդհանուր առմամբ, այսօր կոմիտեում մշակվում են 74 կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, դրանց մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասն էլ կավարտվի մինչև հուլիս: ԿԳՄՍ նախարարության հետ մեր քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ նաև պատրաստ են նախարարության պատվիրատվությամբ 30 օբյեկտների նախագծման աշխատանքներ, մի մասը պատրաստ է, մի մասն էլ ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ, այսօր կարելի է ասել, որ 111 օբյեկտների կրթական, մշակութային, սպորտային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված կամ աշխատանքի փուլում են: Դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի կոմիտեն, մյուս օբյեկտների շինարարական մրցույթները կիրականացվեն նախարարության պատվիրակությամբ»,- նշեց Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ ևս 12 օբյեկտներ, որոնք առողջապահական նշանակության են, արդեն նախագծային աշխատանքների փուլում են և կավարտվեն նույն ժամանակահատվածում:

Փոխվարչապետը հավելեց, որ տեմպերի և արագության առումով պետք է նոր քաղաքականություն որդեգրել, քանի որ ակնհայտորեն նմանատիպ ծավալի աշխատանքները կապիտալ շինարարության ոլորտում էական նշանակություն են ունենալու և Կառավարության առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ նախարարությունն արդեն ունի 5 մլրդ դրամի նախագծանախահաշվային փաստաթղթեր, և վերջին ճշգրտումներն են անում մրցույթներ հայտարարելուց առաջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում