Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների համար նոր նախապայմաններ ունեն։ Դրանց թվում են ձմեռային էներգետիկ զինադադարը և նոր գործարք, որը կապահովի Սև ծովով դեպի Ուկրաինա նավերի անարգել անցումը։ «Սրանք կարևոր քայլեր կլինեն, քանի որ ցույց կտան, որ Մոսկվան լուրջ է տրամադրված բանակցությունների հարցում», - նշել է Լայենը։
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է՝ եթե եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը պետք է որոշեն միայն ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, իսկ ռուսական շահերը չպետք է հաշվի առնվեն, ապա բանակցություններ վարելու իմաստ չկա։
Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ շփումներ ունեն եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչների հետ, քննարկում են ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում եվրոպական կողմի դիրքորոշումը:
Օրերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցային ձևաչափն ընդլայնվելու է, դրան ներգրավվելու է նաև եվրոպական կողմը: Սակայն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել։ Զուգահեռ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնի 5 երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Լեհաստանը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ ներկայացուցիչները:
Այնուհետև Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչների դիվանագիտական ուղիներով հրավիրել են Մոսկվա՝ ռուս-ուկրաինական գործընթացի վերաբերյալ նրանց դիրքորոշումը պարզելու նպատակով։ Սակայն հնարավոր այցի հետ կապված հստակություն չկա:
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։













