Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին համարում է ավելի հուսալի անվտանգության մեխանիզմ, քան այն երաշխիքները, որոնք ապահովում է դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը: Խոսքը հավաքական պաշտպանության սկզբունքի մասին է:
Զելենսկին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ելույթում հայտարարել է, որ ավելի արդյունավետ և մատչելի կլիներ Ուկրաինային պարզապես ընդունել ՆԱՏՕ՝ հաշվի առնելով, որ Կիևը կիսում է արևմտյան արժեքները և համագործակցում գործընկերների հետ պաշտպանության ոլորտում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար կարևոր է ունենալ անվտանգության երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի օրինակով։ Քուշները նշել էր՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել նման երաշխիքները, ինչը կարող է վկայել խաղաղության հասնելու Կրեմլի լուրջ մտադրությունների մասին։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ քառակողմ բանակցություններ վարել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է՝ Մոսկվան զգում է Կիևի հարձակումների պատասխանը Սիբիրից մինչև Լիբիա:
Զելենսկին նկատի է ունեցել հարվածները Սիբիրի արևմուտքում նավթավերամշակման գործարաններին և Լիբիայի ափերին ռուսական «Մերկուրի» ռազմանավին հասցված հարվածը: Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները: Երկու կողմն էլ հայտնել է նոր զոհերի և վիրավորների մասին:
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։













